ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահի համոզմամբ՝ Երևանում կազմակերպված առաջնությունը լավագույններից է

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահի համոզմամբ՝ Երևանում կազմակերպված առաջնությունը լավագույններից է

Ծանրամարտի Եվրոպայի ընթացիկ առաջնությունը, որն  անցկացվում է Երևանում, լավագույններից մեկն է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Աթիլա Ադամֆին:

-Պարոն Ադամֆի, ձեր գնահատմամբ, ինչպե՞ս է կազմակերպել ծանրամարտի Եվրոպայի ընթացիկ առաջնությունը։

-Ես պատիվ եմ ունեցել մասնակցելու եվրոպական և աշխարհի մի շարք առաջնությունների և կարող եմ վստահաբար պնդել, որ համեմատելով իմ տեսած մի շարք առաջնություններ, սա լավագույններից մեկն է։ Բարդ և տքնաջան աշխատանք է տարվել, որ մարզաձևը ճիշտ ներկայացվի։ Ամեն ինչ հիանալի է՝ սկսած մարքեթինգային արշավներից։ Ես առաջին անգամ եմ Հայաստանում ու երբ դուրս եկա զբոսնելու, միանգամից հանդիպեցի սպորտային տրամադրության։ Փողոցում ամենուր կարող ենք տեսնել գովազդային վահանակներ, նաև մետրո մտնելիս դու անմիջապես տեղեկացվում ես մրցաշարի մասին։ Կրկին եմ նշում՝  սա լավագույն աշխատանքներից մեկն է, որ ես տեսել եմ։ Կարևոր է նաև թե ինչպես է մրցաշարը ներկայացվում հեռուստատեսությամբ, այս դեպքում ևս գրագետ աշխատանք է արվել։

-Ինչպե՞ս կգնահատեք այն պայմանները, որ ստեղծվել են Հայաստան ժամանած պատվիրակությունների համար։

-Ես տեսնում եմ թե ինչպես են մարզիկները մարզվում մինչ մրցելույթները, ես տեսնում եմ թե ինչ պայմաններում են անցկացվում մրցումները գնահատականս կրկին այն է, որ ամեն բան ֆանտաստիկ է արված։ Շատ կարևոր է, որ հարմար պայմաններ լինեն հենց մարզիկների համար։ Եվ ես պարբերաբար ճշտում եմ, թե արդյո՞ք հյուրանոցային պայմանները նորմալ են, ուղևորափոխադրումը նորմալ է, սնունդը նորմալ է։ Սրանք բաներ են, որոնց ես չեմ կարող անձամբ գնահատական տալ։ Եվ տարբեր խմբերից  ստանում եմ միևնույն գնահատականը՝ ամեն բան հիանալի է։ Լավ կազմակերպված աշխատանքից բացի շատ կարևոր է նաև հայ ժողովրդի վերաբերմունքը։ Այստեղ բոլորին են շատ ջերմ ընդունում։ Հայաստանում բոլորս ենք մեզ լավ զգում ։

-Իսկ ի՞նչ եք կարծում, առաջիկայում Հայաստանը կարող է կրկին հյուրընկալել նման միջոցառում։

-Կարող եմ մեկ բառով պատասխանել՝ այո։ Չկան որևէ առաջնություններ, որի ընթացքում որևէ խնդիրներ չլինեն, կարևորը, դրանց արագ լուծելն ու հարթելն է։ Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովը պրոֆեսիոնալ մարդկանցից է կազմված։ Այս թիմը ավելին կարող է։

  • Կիսվել: