կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ծանրամարտի ԵԱ․ Պայքարի մեջ կմտնի Գոռ Սահակյանը

Ծանրամարտի ԵԱ․ Պայքարի մեջ կմտնի Գոռ Սահակյանը

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում փետրվարի 14-ին Հայաստանը կունենա մեկ մասնակից: Պայքարի մեջ կմտնի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 21-ամյա Գոռ Սահակյանը (67 կգ):

67 կգ քաշային կարգում մեդալի համար կպայքարի 9 ծանրորդ: Գոռ Սահակյանը  գլխավոր ֆավորիտն է: Երկամարտում նրա նախնական հայտն ամենաբարձրն է՝ 320 կգ: Նրանից 10 կգ պակաս են հայտավորվել թուրք ծանրորդներ Կաան Կհրիմանը եւ Ֆերդի Հարդալը:

2023 թվականի ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Գոռ Սահակյանը հավասարը չունեցավ 67 կգ քաշայինների պայքարում: Երիտասարդ ծանրորդը առաջին անգամ մեծահասակների պայքարում երկամարտի 370 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն (145+175):

Սեպտեմբերին Սահակյանն առաջին անգամ մասնակցեց նաեւ մեծահասակների աշխարհի առաջնությանը: Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած առաջնությունում երկամարտի 312 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ (142 +170):

67 կգ քաշային կարգի A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին:

Հայաստանի առաջին ոսկե մեդալն այս առաջնությունում նվաճել է 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը (196 կգ, 81+115):

Հայասստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 17 ծանրորդով:

Տղամարդկանց հավաքականի կազմում կմասնակցեն նաեւ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ): Պահեստայիններն են Գառնիկ Չալոյանը (61 կգ) եւ Արա Աղանյանը (96 կգ):

Կանանց հավաքականում մրցահարթակ դուրս կգան նաեւ Տաթեւ Հակոբյանը (81 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ)  եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):

Հիշեցնենք, որ տղամարդկանց հավաքականն արդեն ապահովել է Փարիզ-2024-ի երեք ուղեգիր:

  • Կիսվել: