երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ծանրամարտի ԱԱ․ Մրցահարթակ դուրս կգան Եվրոպայի չեմպիոններ Ռաֆիկ Հարությունյանն ու Անդրանիկ Կարապետյանը

Ծանրամարտի ԱԱ․ Մրցահարթակ դուրս կգան Եվրոպայի չեմպիոններ Ռաֆիկ Հարությունյանն ու Անդրանիկ Կարապետյանը

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 11-ին Հայաստանը կունենա 2  ներկայացուցիչ: Մրցահարթակ դուրս կգան Եվրոպայի չեմպիոններ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) եւ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ):

81 կգ քաշային կարգում մեդալի համար կպայքարի 9 ծանրորդ: Ռաֆիկ Հարությունյանի նախնական հայտը երկամարտում 350 կգ է: Այս քաշային կարգում Ֆավորիտներից է իտալացի Օսկար Մարտինես Ռեյեսը, որի նախնական հայտը 360 կգ է:

Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 337 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ (150+187):  2022 թվականին 354 կգ արդյունքով հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն (160+194):

Ռաֆիկ Հարությունյանը Մ23 Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր:

81 կգ քաշային կարգի A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:30-ին:

Երեկոյան մրցահերթում 89 կգ քաշայինների պայքարում հանդես կգա աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, 27-ամյա  Անդրանիկ Կարապետյանը: Նրա նախնական հայտը երկամարտում 380 կգ է: 

Այս քաշային կարգում տիտղոսի համար կպայքարեն 11 ծանրորդը: Անդրանիկ Կարապետյանից 10 կգ ավել հայտ են ներկայացրել երեք ծանրորդ՝ աշխարհի գործող չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 23-ամյա վենեսուելացի Քեյդոմար Վալիենիլա Սանչեսը, Եվրոպայի եռակի եմպիոն, աշխարհի եւ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, իտալացի Անտոնինո Պիցոլատոն եւ Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Ասիայի կրկնակի չեմպիոն, չինացի Տյան Տաոնը:

Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 374 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ (178+196): Պոկում վարժությունում Կարապետյանը 178 կգ-ով սահմանեց մեծահասակների Եվրոպայի ռեկորդ եւ արժանացավ փոքր ոսկե մեդալի:

89 կգ քաշային կարգի A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Սեպտեմբերի 4-17-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը մասնակցում է 14 ծանրորդով:

Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան նաեւ Դավիթ Հովհաննիսյանն ու Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը եւ Սամվել Գասպարյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը եւ Սիմոն Մարտիրոսյանը (109+ կգ):

Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց հավաքականի կազմում հանդես կգան նաեւ Լիանա Գյուրջյանը (81 կգ),  Տաթեւ Հակոբյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):

Հայաստանի հավաքականի առաջին մեդալը նվաճել է 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, որ երկամարտի 312 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր (142 +170):

Սեպտեմբերի 11, 17:30

Ռաֆիկ Հարությունյան, 81 կգ (նախնական հայտ՝ 350 կգ)

Սեպտեմբերի 11, 20:00

 Անդրանիկ Կարապետյան, 89 կգ (նախնական հայտ՝ 380 կգ)

Սեպտեմբերի 13, 17:30

Հակոբ Մկրտչյան, 96 կգ (նախնական հայտ՝ 380 կգ)

Դավիթ Հովհաննիսյան, 96 կգ (նախնական հայտ՝ 380 կգ) 

Սեպտեմբերի 14, 20:00

Սամվել Գասպարյան, 102 կգ (նախնական հայտ՝ 400 կգ)

Գարիկ Կարապետյան, 102 կգ (նախնական հայտ՝ 400 կգ)

Սեպտեմբերի 15, 12:30

Լիանա Գյուրջյան, 81 կգ B խումբ (նախնական հայտ՝ 240 կգ)

Սեպտեմբերի 15, 20:00

Հռիփսիմե Խուրշուդյան, 87 կգ (նախնական հայտ՝ 245 կգ)

Տաթեւ Հակոբյան, 87 կգ (նախնական հայտ՝ 245 կգ) 

Սեպտեմբերի 17, 17:30

Վարազդատ Լալայան,  +109 կգ (նախնական հայտ՝ 460 կգ)

Սիմոն Մարտիրոսյան,  +109 կգ (նախնական հայտ՝ 450 կգ)

Գոռ Մինասյան (Բահրեյն), +109 կգ (նախնական հայտ՝ 460 կգ):

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024-ի համար:

  • Կիսվել: