երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվեցի և օգտագործեցի իմ հնարավորությունը. Սամվել Տեր-Սահակյան

Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվեցի և օգտագործեցի իմ հնարավորությունը. Սամվել Տեր-Սահակյան

Հայաստան շախմատի 2023 թվականի տղամարդկանց առաջնության հաղթող Սամվել Տեր-Սահակյանի կարծիքով՝ առաջնությունում որոշիչ եղավ վերջին պարտիան:

«Առաջնության մեկնարկն ինձ համար դժվար էր, քանի որ առաջին տուրում պարտվեցի Տիգրան Պետրոսյանին: Դրանից հետո նպատակները փոխվեցին, և եթե մեկնարկում հաղթանակի էի ձգտում, ապա այդ պարտությունից հետո՝ գոնե լավ հանդես գալու: Բայց հաջորդ տուրերում կարողացա մի քանի հաղթանակներ տանել և միայն 7-րդ տուրի ոչ-ոքիից հետո էր, որ մտածում էի հաղթանակի մասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տեր-Սահակյանը: Նրա խոսքով` առաջնությանը ուրիշ տեմպ էր հաղորդել Մանուէլ Պետրոսյանը, ով մեկնարկային տուրերում մի քանի անընդմեջ հաղթանակ տոնեց:

«Վերջին տուրում միայն հաղթանակի դեպքում կարող էի չեմպիոն դառնալ և այն, ինչ նախապատրաստել էի ես, ստացվեց: Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվեցի և օգտագործեցի իմ հնարավորությունը»,- ասաց նա:

Հայաստանի տղամարդկանց առաջնության վերջին տուրը որոշիչ եղավ չեմպիոնի կոչման համար: Ամբողջ առաջնության ընթացքում մրցաշարային աղյուսակի առաջատար Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի ավարտեց վերջին պարտիան Զավեն Անդրիասյանի հետ և հավաքեց միայն 6 միավոր` գրավելով երկրորդ տեղը:  Սամվել Տեր-Սահակյանը հաղթելով Ռոբերտ Հովհաննիսյանին՝ դարձավ Հայաստանի չեմպիոն: Նա 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր: Երրորդ տեղը 5,5 միավորով գրավեց Տիգրան Հարությունյանը:  Սամվել Տեր-Սահակյանը երկրորդ անգամ է դառնում Հայաստանի չեմպիոն: Նախորդ անգամ նա հաղթել էր 2020 թվականին:

  • Կիսվել: