երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգում հնարավոր է փոփոխություններ կատարվեն. Կարեն Գիլոյան

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգում հնարավոր է փոփոխություններ կատարվեն. Կարեն Գիլոյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2023 թվականի մրցույթը: Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել քվեարկությունը, որի արդյունքներով որոշվելու են լավագույնները: Ընտրությունը կատարվելու է նախապես հրապարակված 20 մազիկների անվանացանկից:

Մրցույթի անցկացման ձևաչափի, հավակնորդների և այլ հարցերի շուրջ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը զրուցել է լրագրողների հետ: Նրա խոսքով՝ մրցույթի կարգը հաստատված է, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարի խնդիրներ չեն առաջացել, այն շարունակում է գործել:

«Առաջնորդվում ենք այդ կարգով. հավատարմագրված լրագրողներն ու հավաքականների մարզիչները քվեարկում են ու որոշում լավագույն տասը մարզիկներին: Բալային համակարգը ևս սահմանված է: Այն, որ կան որոշակի դժգոհություններ, կարծում եմ, նորմալ է: Կարծիքները տարբեր են. շատերը մատնանշում են հավակնորդների ցուցակում հրաձիգ Էլմիրա Կարապետյանի անվան բացակայության մասին: Ես ևս համակարծիք եմ, որ Էլմիրան մեր լավագույն մարզիկներից է և առաջինն է Օլիմպիական ուղեգիր նվաճել, սակայն իր արդյունքներով նա այնքան միավոր չի հավաքել, որպեսզի ընդգրկվի քսանյակում: Գոյություն ունի մրցույթի անցկացման հաստատված կարգ, որով առաջնորդվում ենք, և չկա որևէ կամայականություն»,- նշել է Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալին հարց է ուղղվել նաև այն մասին, թե արդյոք ավելի անաչառ չէ՞ր լինի, եթե ֆեդերացիայի ներկայացուցիչը չկարողանար քվեարկել իր մարզիկի օգտին:

«Յուրաքանչյուր ֆեդերացիայից միայն մեկ ներկայացուցիչ է մասնակցում քվեարկությանը, իսկ ընդհանուրի մեջ մեկ հոգու ձայնը տեսակարար մեծ կշիռ չի կազմում»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Նախարարի տեղակալը նաև ներկայացրել է, որ մրցույթի անցկացման կարգում փոփոխություններ իրականացնելու հնարավորությունը ևս դիտարկում է:

«Անկասկած, լավարկումների ու փոփոխությունների կարիք կա: Հաջորդ տարվա սկզբին կհավաքագրենք մասնագետների կարծիքներն ու դիտարկումները: Պետք է ոչ թե բացառությունների սկզբունքով ընթանանք, այլ ունենանք հիմք՝ այս կամ այն որոշման համար: Կառուցողական քննարկումների արդյունքում, վստահ եմ, կիրականացնենք անհրաժեշտ բարալավումները»,- ասել է Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև ամփոփել է սպորտային 2023 թվականը: Նրա խոսքով՝ 445 մեդալների առումով նախորդ տարվա համեմատ արձանագրվել է ավելի քան 40 տոկոսի աճ, ինչն արդեն իսկ խոսուն փաստ է.

«Ճիշտ ճանապարհով ենք ընթանում: Մեդալների քանակը հույս է ներշնչում, թեև, իհարկե, վատ է, որ չկարողացանք աշխարհի չեմպիոն ունենալ: Հաջորդ տարին օլիմպիական է. պետք է բոլոր ջանքերը գործադրենք այդ ուղղությամբ»:

Կարեն Գիլոյանն անդրադարձել է նաև Կառավարության կողմից բարձր նվաճումներ գրանցած մարզիկների տարեվերջյան միանվագ պարգևատրումների կրկնապատկմանը:

«Գումարների ավելացումը պայմանավորված էր մեդալների աննախադեպ թվով: Նախորդ տարի կրկնապատկել էինք աշխարհի ու Եվրոպայի մեծահասակների առաջնություններում մեդալակիր մարզիկներին, նրանց մարզիչներին ու հավաքականի բժիշկներին տրվող միանվագ պարգևատրումները: Այս տարի ավելացրեցինք երիտասարդներին: Նշանակալիորեն ավելացրել ենք ֆեդերացիաներին տրամադրվող ֆինանսավորումը: Վստահ ենք՝ ենթակառուցվածքների ավելանալուն զուգընթաց նաև արդյունքները կավելանան, ու միմյանց շնորհավորելու առիթներ ավելի շատ կունենանք: Գիտեք, որ մեր երկրում այժմ մարզական ենթակառուցվածքների մեծածավալ շինարարություն է ընթանում: Հաջորդ տարվանից մարզերում էլ նախատեսում ենք նոր ենթակառուցվածքների հիմնում: Հուսով ենք՝ աշխարհագրությունն ավելացնելուն զուգահեռ նաև հաղթանակները կավելացնենք»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը կատարում են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողներն ու ՀՀ ազգային հավաքականների մարզիչները՝ անցկացնելով բաց քվեարկություն: Մրցույթի արդյունքները կամփոփվեն քվեարկության ավարտից անմիջապես հետո:

  • Կիսվել: