ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թահիթին կարող է դառնալ Փարիզի Օլիմպիական խաղերի մրցավայր

Թահիթին կարող է դառնալ Փարիզի Օլիմպիական խաղերի մրցավայր

Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի սերֆինգի մրցումները կարող են անցկացվել Ֆրանսիական Պոլինեզիայում գտնվող Թահիթի կղզում, որը 15700 կմ հեռավորության վրա է Ֆրանսիայի մայրաքաղաքից: Այդ տարբերակը քննարկվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր խորհուրդի՝ Լոզանում տեղի ունեցած նիստում, գրում է ՀԱՕԿ-ը։

Սերֆինգի մրցումները հյուրընկալելուն հավակնում են նաև Բիսկայան ծոցի ափին գտնվող Բիարից քաղաքը, Պուանտ դե լա Տորշը, ինչպես նաև Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Սորտս-Օսեգոր և Լականո համայնքները:

Ֆրանսիական մամուլի համաձայն՝ Թահիթին ֆավորիտ է այդ պայքարում՝ չնայած նրան, որ բավական հեռու է Եվրոպայից: Կղզին հայտնի է իր ալիքներով ու հրաշալի եղանակային պայմաններով:

Ավելի վաղ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը մտահոգություն է հայտնել այդ հարցի շուրջ՝ նշելով, որ բոլոր մրցումները պետք է անցկացվեն 2024թ. Օլիմպիական խաղերի մայրաքաղաքին հնարավորինս մոտ:

Հիշեցնենք, որ սերֆինգը մեկն է այն 4 լրացուցիչ մարզաձևերից, որոնք ընդգրկվել են Փարիզ-2024-ի ծրագրում:

  • Կիսվել: