երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սիրտս թողել եմ մրցահարթակում, բայց լեզուս ասում է՝ արդեն ժամանակն է․ Հռիփսիմե Խուրշուդյան

Սիրտս թողել եմ մրցահարթակում, բայց լեզուս ասում է՝ արդեն ժամանակն է․ Հռիփսիմե Խուրշուդյան

Կարիերաս ավարտելու մասին հիմա պաշտոնապես ոչինչ չեմ կարող ասել: Սիրտս թողել եմ մրցահարթակում, բայց լեզուս ասում է՝ արդեն ժամանակն է: Եթե ամեն ինչ լավ լինի, վնասվածքներս բուժեմ, կմասնակցեմ աշխարհի առաջնությանը:

Այսպես մարզական կարիերան ավարտելու մտադրությունը մեկնաբանեց 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2023, 2024 թվականների բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը:

6 տարվա դադարից հետո մեծ սպորտ վերադարձած, երկու երեխաների մայր Հռիփսիմե Խուրշուդյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ: Սոֆիայում անցկացված առաջնությունում մրցելույթներն ավարտելուց հետո 36-ամյա ծանրորդը մարզակոշիկները հանեց եւ ակնկարկեց կարիերան ավարտելու մասին:

«Գոհ եմ այն արդյունքներից ու մեդալներից, որ նվաճեցի մարզական կարիերայումս դադար ունենալուց հետո: 6 տարվա դադարից, երկու երեխա ունենալուց հետո մեծ սպորտ վերադառնալն արդեն հերոսություն էր: Շատ ուրախ եմ, որ կարողացա պահել իմ խոստումը՝ մեծ սպորտ վերադառնալուց հետո բարձրացնել մեր դրոշը: Նշանակություն չունի, թե ինչ գույնի մեդալ է եղել, ինձ համար հերոսություն էր: Կարիերաս ավարտելու մասին հիմա պաշտոնապես ոչինչ չեմ կարող ասել: Մարզչական խորհրդով կորոշեն:

Երբ մարզակոշիկներս թողեցի մրցահարթակում, կարծում էի, թե մեդալ չունեմ: Երբ արդեն հանել էի մարզակոշիկներս, ընկեր Արտաշեսը չէր հասցրել ասել՝ «դու բրոնզե մեդալակիր ես, մի հանիր»:

 Քանի որ աղջիկների թիմը Օլիմպիական խաղերի չի կարող գնալ, դեկտեմբերին աշխարհի առաջնություն ունենք: Ամենայն հավանականությամբ, կպատրաստվեմ աշխարհի առաջնությանը: Ես ունեմ բավականին լուրջ վնասվածքներ: Առաջին հերթին դրանք կբուժեմ, որից հետո կմտածեմ աշխարհի առաջնության մասին: Եթե կարողանամ մեդալի հավակնորդ լինել, կգնամ, իսկ եթե ոչ, մարզիչները կասեն՝ ինչ անեմ:

Սիրտս ասում է՝ սիրտս թողել եմ մրցահարթակում, լեզուս ասում է՝ արդեն պետք է վերջ դնեմ սպորտին: Տեսնենք՝ ինչպես կստացվի: Աստված տա, ամեն ինչ լավ լինի»,- ասաց Հռիփսիմե Խուրշուդյանը:

Փետրվարի 20-ին Հռիփսիմե Խուրշուդյանը 87 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալակիր դարձավ երկամարտի 227 կգ  արդյունքով (105+122):

  • Կիսվել: