երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սևանի ափին երկրորդ տարին անընդմեջ կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը

Սևանի ափին երկրորդ տարին անընդմեջ կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում երկրորդ տարին անընդմեջ անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Հատկանշական է, որ այս տարվա մրցաշարը նաև միջազգայնացվել էր, քանի որ ընդհանուր հաշվարկով մասնակցության իրավունք ունեին թե՛ ՀՀ քաղաքացիները, թե՛ օտարերկրացիները: Միակ սահմանափակումն այն էր, որ մասնակիցները պետք է ընդգրկված չլինեին լողի միջազգային սանդղակում և վերջին հինգ տարվա ընթացքում մասնակցած չլինեին Հայաստանի առաջնություններին ու միջազգային մրցաշարերին:

Սևանա լճի ափին սիրողական լողի մրցաշարն անցկացվեց կանանց ու տղամարդկանց երկու տարիքային խմբերով`18-ից 40 տարեկան և 41-ից բարձր տարիքի (ընդհանուր թվով 130 մասնակից, որոնցից 33-ը՝ կին): Կանայք հաղթահարեցին 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածքը: Մասնակիցներին խրախուսելու նպատակով սահմանվել էին նաև դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերում՝ առաջինից 10-րդ տեղերը գրաված մասնակիցների համար: Ըստ այդմ՝ 1-ին տեղ՝ 1.000.000 դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 դրամ, 3-րդ տեղ՝ 300.000 դրամ, 4-րդ տեղ՝ 100.000 դրամ, 5-10-րդ տեղ՝ 50.000-ական դրամ: Խրախուսիչ մրցանակներ էին սահմանվել նաև մրցաշարի ամենատարեց կին և տղամարդ մասնակիցների համար: Մրցաշարին մասնակցեցին լողորդներ ՀՀ բոլոր մարզերից: Այդուհանդերձ նրանց թվում գերակշռում էին Երևանից ժամանած մարզիկները:

Խոսելով մրցաշարի մասին՝ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում մասնավորապես նշեց, որ բաց ջրում լողն ընդհանրապես շատ բարդ տեսակ է, առավել ևս եթե ջուրը քաղցրահամ է ու ծանր, բայց քանի որ զգացվում է տոնական շունչ ու մասնակիցների ավելացում, գուցե սա լավագույն տարբերակն է մարդկանց առողջ ապրելակերպի հարթակ բերելու և հատկապես տվյալ մարզաձևին հաղորդակից դարձնելու առումով, որովհետև այն ամենաառողջարար մարզաձևերից մեկն է: Վստահաբար նման մրցաշարերն, ըստ նրա, օգտակար են և ապագայում շատ ավելի ներկայացուցչական ու բազմաքանակ կլինեն:

«Վիճակագրությունը վկայում է, որ Հայաստանում շատ ցածր է լողալ իմացողների քանակը: Գուցե բոլորին լողորդ չդարձնենք, բայց գոնե ջրի մեջ մտնել, մարմինը ջրի մակերեսին պահել ու լողալ իմանալը պարտավոր են բոլորը: Նման մրցաշարերով մարդկանց մեջ սեր ու հետաքրքրություն կառաջացնենք դեպի լողը»,- ասաց փոխնախարարը:

Լողափին միանշանակ տիրում էր տոնական մթնոլորտ: Ներկաների պնդմամբ՝ անցյալ տարվա համեմատ բազմապատիկ անգամ ավելի շատ մարդիկ կային: Եթե շատերը չէին համարձակվում մտնել ջուրը, ապա գոնե մեծ հետաքրքրությամբ արդեն եկել էին՝ հասկանալու, թե ինչ է կատարվում շուրջը, որպեսզի ապագայում մրցաշարին մասնակցելու քայլեր ձեռնարկեին:

Նշենք, որ 18-ից 40 տարեկան կանանց մրցաշարում առաջին տեղը գրավեց Անահիտ Բարսեղյանը, երկրորդ տեղը՝ Անի Ավետիսյանը, երրորդը՝ Ամալյա Բարիկյանը: 41 տարեկանից բարձր տարիքի կանանց մրցաշարում հաղթող ճանաչվեց Սրբուհի Վարդանյանը, երկրորդ տեղը գրավեց Մարգարիտա Խոստիկյանը, իսկ երրորդը՝ Յուլիա Միխեևան: 18-ից 40 տարեկան տղամարդկանց մրցաշարում առաջին տեղը գրավեց Մկրտիչ Ոսկանյանը, երկրորդ տեղը՝ Շահեն Խոնդկարյանը, երրորդը Կարեն Երանոսյանը: 41 տարեկանից բարձր տարիքի տղամարդկանց մրցաշարում հաղթող ճանաչվեց Անդրանիկ Խաչատրյանը, երկրորդ տեղը գրավեց Արմեն Հանեսօղլյանը, իսկ երրորդը՝ Արա Աբրահամյանը:

  • Կիսվել: