ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սամուել Սևյանը դուրս մնաց պայքարից. Global Championship

Սամուել Սևյանը դուրս մնաց պայքարից. Global Championship

Տորոնտոյում ընթացող արագ շախմատի Global Championship մրցաշարի եզրափակիչ փուլում կայացան քառորդ եզրափակչի 5-8-րդ տուրերի պարտիաները:

Սամուել Սևյանը, որն առաջին 4 պարտիաներից հետո 2,5-1,5 հաշվով առջևում էր հնդիկ Նիհալ Սարինի հետ մրցախաղում, անհաջող խաղաց: 5-6-րդ տուրերում ամերիկահայ գրոսմայստերը պարտվեց, հաջորդ երկու պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Սևյանը պարտվեց 3,5-4,5 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից: Նա 25 հազար դոլար պարգևավճար կստանա:

Հիշեցնենք, որ այս մրցաշարում Սևյանը փոխարինում է Արոնյանին: 1/8 եզրափակչում Արոնյանը հաղթել էր Սևյանին, սակայն հրաժարվել էր հանդես գալ 1/4 եզրափակչում: Այդ պատճառով 1/4-ին մասնակցել է Սևյանը:

Կիսաեզրափակչում Նիհալը կմրցի Նիդերլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրիի հետ, որը 5-4 հաշվով հաղթեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին:

Մյուս զույգը կազմել են ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրան և Ուեսլի Սոն: Նակամուրան 5-2 հաշվով հաղթեց լեհ Յան-Քշիշտոֆ Դուդային, Սոն հաղթեց ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինին՝ 4,5-1,5:

 

  • Կիսվել: