շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնի 8 մարզիկ

Սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնի 8 մարզիկ

Սամբոյի աշխարհի 2022 թ. առաջնությունն անցկացվելու է նոյեմբերի 11-13-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում: Խաղարկվելու է մարզական սամբոյի կանանց և տղամարդկանց, մարտական սամբոյի տղամարդկանց 7-ական քաշերում մեդալների 21 հավաքածու:
 
Ըստ նախնական հայտերի՝ սպասվում է շուրջ 50 երկրի մասնակցություն: Ռուսաստանը, Բելառուսը, Ֆրանսիան, համաձայն Սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործկոմի որոշման, կմասնակցեն FIAS դրոշի ներքո:
 
Առաջին անգամ սամբոյի պատմության ընթացքում ներկայանալու է նաև փախստականների հավաքականը՝ ճիշտ է, մեկ մարզուհով: Մարիա Ամյուլինա Գեդեսը, որը ժամանակին Վենեսուելայի հավաքականի կազմում նվաճել էր երիտասարդական առաջնության բրոնզե մեդալ, փախստականի կարգավիճակ է ստացել Ֆրանսիայում:
 
Նշենք, որ սպորտի պատմության մեջ առաջին անգամ փախստականների հավաքականը ներկայացել է 2016-ին՝ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում:
 
Այս տարի Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Բիշքեկ է գործուղել 8 մարզիկի.
 
Մարզական սամբո
 
Կիրակոսյան Տիգրան-58 կգ
Մանուկյան Մաքսիմ-64 կգ
Մահինյան Կառլեն-71 կգ
Ստեփանյան Ալեքսան-79 կգ
Գրիգորյան Դավիթ-88 կգ
Խանջյան Արսեն-98 կգ
 
Մարտական սամբո
 
Պողոսյան Ավետիք-79կգ
Ավանեսյան Արման-98 կգ
 
Ղրղզստան են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, մրցավար Ազատ Անդրյանը: Պատվիրակությունը գլխավորում է ՀՍՖ նախագահ Միքայել Հայրապետյանը:
 
Առաջնության ընթացքին կարելի է հետևել FIAS պաշտոնական կայքով:

  • Կիսվել: