երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 Մեդալակիրներ Բորիս Շատվերյանի, Ավետիք Պողոսյանի և Վաչիկ Վարդանյանը՝ իրենց հաղթանակի մասին

Մեդալակիրներ Բորիս Շատվերյանի, Ավետիք Պողոսյանի և Վաչիկ Վարդանյանը՝ իրենց հաղթանակի մասին

Երեւանում ավարտված սամբոյի աշխարհի առաջնության վերջին մրցումային օրը Հայաստանի թիմը ուներ եզրափակիչի երեք մասնակից: Նրանք նվաճեցին երեք արծաթե մեդալ:

Աշխարհի փոխչեմպիոններ հռչակվեցին Ավետիք Պողոսյանը (88 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ) եւ Դավիթ Գրիգորյանը (98 կգ): Վերջին մրցումային օրը բրոնզե մեդալ նվաճեց նաեւ Վաչիկ Վարդանյանը (71 կգ):

Վերջին օրվա մեդալակիրները աշխարհի առաջնության ավարտից հետո խոսել են մրցելույթների եւ տպավորությունների մասին:

Աշխարհի փոխչեմպիոն Բորիս Շատվերյանը Երեւանում անցկացված աշխարհի առաջնությունում 4 տպավորիչ հաղթանակ տանելուց հետո ցավալի պարտություն կրեց եզրափակիչում եւ արցունքներով հեռացավ գորգից:

«Ցանկանում եմ առանձնահտուկ շնորհակալություն հայտնել մարզահամերգային համալիրում մեզ աջակցող բոլոր ներկաներին, հարազատներին: Մեծ աջակցություն էի զգում տրիբունաներից: Երկրորդ գոտեմարտի ժամանակ անգամ թուլանում էի, բայց լսում էի երկրպագուների ձայները, ուժ էի գտնում իմ մեջ եւ շարժվում առաջ: Այնպիսի զգացողություն ունեի, որ խոսքերով չեմ կարող նկարագրել: Եզրափակիչում չգիտեմ՝ ինչու չստացվեց: Երեւի տակտիկական սխալ թույլ տվեցի եւ պարտվեցի: Հնարավոր էր նաեւ, որ հոգնածությունն իր ազդեցությունն ունեցավ ծանր գոտեմարտերից հետո: Ոչ ոքին չեմ մեղադրում իմ պարտության մեջ, առաջին մեղավորը ես եմ: Խոսք եմ տալիս՝ անպայման կշտկեմ ամեն ինչ եւ իմ հայ ազգի պատիվը բարձր կպահեմ հետագա մրցաշարերում»,- ասաց Բորիս Շատվերյանը:

Մարտական սամբոյի աշխարհի փոխչեմպիոն Ավետիք Պողոսյանը (88 կգ) եզրափակիչում պարտվեց FIAS դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Սաիդ Սաիդաովին: Մինչեւ եզրափակիչ 3 հաղթական գոտեմարտ էր անցկացրել:

«Բոլորս գիտենք, որ աշխարհի առաջնությունը տարվա ամենակարեւոր մրցաշարն է: Այսօր ստացվեց այն, ինչ ստացվեց:  Պետք է սխալների վրա աշխատենք, փորձենք գերազանցել ինքներս մեզ:

Առաջնությունը կազմակերպված էր ամենաբարձր մակարդակով: Շատ անգամ էինք մասնակել աշխարհի առաջնության, բայց սամբոյի պատմության մեջ այսպես կազմակերպած մրցաշար չէր եղել: Տան պատերն, իհարկե, օգնեցին, հզոր աջակցություն կար: Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ շնորհավորել մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջոյանին ծննդյան օրվա առթիվ եւ շնորհակալություն հայտնել մեր բոլոր մարզիչներին, իմ անձնական մարզիչ Արշալույս Բալյանին եւ տրիբունաներից մեզ աջակցող հայ երկրպագուներին»,- նշեց Ավետիք Պողոսյանը:

Մարտական սամբոյի ներկայացուցիչ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Վաչիկ Վարդանյանը (71 կգ) Երեւանում անցկացված աշխարհի առաջնությունում բավարարվեց բրոնզե մեդալով: Նրա խոսքով, կողմնակալ մրցավարության հետեւանքով պարտվեց կիսաեզրափակիչում:

«Երեւանում անցկացված աշխարհի առաջնությունը լուրջ ստուգատես էր մեզ համար, պատասխանատու էր բոլորիս համար: Ես երկար տարիներ եմ մարզվել, մեծ արդյունքներ եմ ունեցել այս մարզաձեւում, եղել եմ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, երկու անգամ աշխարհի գավաթի հաղթող: Այս առաջնությունում բավարարվեցի բրոնզե մեդալով: Մրցավարների կողմնակալ վերաբերմունքի պատճառով չկարողացա չեմպիոնի կոչումը նվաճել:

Ամեն ինչ շատ լավ էր: Ուրախ ենք, որ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց սամբոյի աշխարհի առաջնությունը»,- ամփոփեց Վաչիկ Վարդանյանը:

Մյուս քաշային կարգերում օրվա չեմպիոններ եւ մեդալակիրներ դարձան՝

Մարզական սամբո, տղամարդիկ

79 կգ քաշային կարգ

Ոսկե մեդալակիր՝ Իվան Հարկով (Բուլղարիա)

Արծաթե մեդալկիր՝ Բորիս Շատվերյան (Հայաստան)

Բրոնզե մեդալակիրներ՝ Եգոր Սուխոպարով (FIAS-R), Բեգենչ Բալտաեւ (Թուրքմենստան)

98 կգ

Ոսկե մեդալակիր՝ Անտոն Կոնովալով (FIAS-R)

Արծաթե մեդալակիր՝ Դավիթ Գրիգորյան (Հայաստան)

Բրոնզե մեդալակիրներ՝ Ալիբեկ Զեկենով (Ղազախստան), Դավիթի Լորիաշվիլի (Վրաստան):

Կանայք

80 կգ քաշային կարգ

Ո98սկե մեդալակիր՝ Կատերինա Մոսկարյովա (Ռումինիա),

Արծաթե մեդալակիր՝ Լիա Կատարինա Գոբեչ (Խորվաթիա),

Բրոնզե մեդալակիրներ՝ Գալինա Կովալսկա (Ուրկաինա), Դարյա Ռեչկալովա (FIAS-R)

Մարտական սամբո

71 կգ քաշային կարգ

Ոսկե մեդալակիր՝ Ռուստամ Թալդիեւ (FIAS-R)

Արծաթե մեդալակիր՝ Սթեֆան Ռուպարիչ (Սերբիա)

Բրոնզե մեդալակիրներ՝ Խուդոյոր Ռաջաբզոդա (Տաջիկստան), Վաչիկ Վարդանյան (Հայաստան):

88 կգ

Ոսկե մեդալակիր՝ Սաիդ Սաիդով (FIAS-R)

Արծաթե մեդալակիր՝ Ավետիք Պողոսյան (Հայաստան),

Բրոնզե մեդալակիրներ՝ Մուստաֆա Մուկնայ (Մարոկկո), Բեկտեն Էրկեբայ Ուլու (Ղրղզստան):

+98 կգ

Ոսկե մեդալակիր՝ Միխայիլ Կաշուրնիկով (FIAS-R)

Արծաթե մեդալակիր՝ Մաքսվել Ջանտու (Կամերուն)

Բրոնզե մեդալակիրներ՝ Տալգատ Ժիենտաեւ (Ղազախստան), Դանիել Ալիշահի (Բուլղարիա):

Հայաստանի հավաքականը պայքարն ավարտեց 10 մեդալով՝ 5 արծաթ եւ 5 բրոնզ: Արծաթե մեդալակիրներ դարձան՝ Արամ Աղաջանյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ), Դավիթ Գրիգորյանը (98 կգ), մարտական սամբոյից Վահրամ Գրիգորյանը (64 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ): Բրոնզե մեդալակիրներ են Վարսիկ Գրիգորյանը (54 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Վահագն Չալյանը (88 կգ),  մարտական սամբոյից Վաչիկ Վարդանյանը (71 կգ) եւ Արման Ավանեսյանը (98 կգ):

  • Կիսվել: