կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Քաղաքացու օրվա առթիվ Էջմիածնում հյուրընկալել են Սիմոն Մարտիրոսյանին

Քաղաքացու օրվա առթիվ Էջմիածնում հյուրընկալել են Սիմոն Մարտիրոսյանին

Էջմիածնում այսօր հյուրընկալել են Սիմոն Մարտիրոսյանին։ Այս մասին տեղեկացնում են Էջմիածնի քաղաքապետարանից:

«Էջմիածնի համայնքապետարանի նիստերի դահլիճում այսօր՝ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, հյուրընկալեցինք օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, Աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, ռեկորդակիր, Էջմիածին քաղաքի բարեկամ եւ Էջմիածնի պատվավոր քաղաքացի Սիմոն Մարտիրոսյանին։

Հարցուպատասխանի ձեւաչափով կայացած հանդիպման ընթացքում նորովի եւ այլ տեսանկյունից բացահայտեցինք մեր ծանրորդին, լսեցինք նրա կյանքի եւ սպորտային ուղու մասին հետաքրքրաշարժ պատմություններ: Մեր համայնքի պատանի մարզիկների կողմից հնչեցին հարցեր սպորտում հաջողության հասնելու կարեւոր նախադրյալների մասին:

Նախքան հարցուպատասխանը ցուցադրվեց տեսաֆիլմ Սիմոնի վերջին նվաճման մասին, այնուհետ տեղի ունեցավ փոքրիկ սպորտային վիկտորինա ներկաների հետ, որը ավարտվեց ընկերական ոչ֊ոքի։

Սիմոնի հետ պայմանավորվեցինք կրկին հանդիպել, իսկ այսօրվա միջոցառումը եզրափակեցինք մշակութային կատարումներով»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: