երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Պարտությունն ինձ վրա ազդել է, ես իմ կյանքում քիչ եմ պարտվել. Պետրակով

Պարտությունն ինձ վրա ազդել է, ես իմ կյանքում քիչ եմ պարտվել. Պետրակով

Երեկ երկու խմբով հիմնականում վերականգնողական մարզում ենք իրականացրել: Այն ֆուտբոլիստները, որոնք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ ամբողջ հանդիպումն էին անցկացրել կամ փոխարինման էին մտել, թեթև ռեժիմով են մարզվել: Այս մասին Հայաստան-Կիպրոս ընկերական խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը:

Նրա խոսքով՝ այն, թե  որքանով են հասցրել տղաները վերականգնվել Հայաստան-Թուրքիա խաղից հետո, պարզ կլինի այսօր՝ մարզումից հետո: ՛՛Կան հատուկ ցուցիչներ, որոնք դրանք ցույց են տալիս՛՛,-նշեց մարզիչը:

Նա նաև հավելեց, որ Թուրքիայի ազգային հավաքականի գրեթե բոլոր ֆուտբոլիստները մի փոքր գերազանցում էին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին, բայց տղաները նվիրումի և նվիրվածության շնորհիվ կարողացան մի փոքր չեզոքացնել այդ տարբերությունը:

՛՛Ոչ ոքի արդյունքի խաղ էր։ Տարոն Ոսկանյանի վնասվածքի դրվագում զարմացած եմ, որ 11-մետրանոց չնշանակեցին։ Մրցավարները վիճելի պահերը դիտարկում են ավելի բարձրակարգ թիմի օգտին։ Մրցավարը նույնիսկ VAR-ի օգնության չդիմեց։ Մեր թիմի տղաները նաև մանկական սխալներ թույլ տվեցին։ Այդ պարտությունն ինձ վրա ազդել է, քանի որ ես իմ կյանքում քիչ եմ պարտվել՛՛,-նշեց Պետրակովը:

Լրագրողների հարցին, թե ինչպես կգնահատի Կիպրոսի հավաքականի պատրաստվածությունը, Պետրակովը պատասխանեց. ՛՛Բավականին լավ, միջին կարգի եվրոպական թիմ է: Դիտել եմ նրանց հանդիպումը Շոտլանդիայի դեմ։ Վատ տեսք չունեին։ Պաշտպանությունից էին խաղում՛՛:

Ըստ մարզիչի՝ Կիպրոսի թիմի հետ ընկերական խաղում կունենանք վեց փոփոխության հնարավորություն, քանի որ ավելիի պարագայում այն դուրս կգա ընկերական խաղի սահմաններից:

Նշենք, որ Հայաստան-Կիպրոս ընկերական խաղը տեղի կունենա մարտի 28-ին՝ 19:00-ին։

  • Կիսվել: