շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պարտություն տարվա առաջին խաղում. Հայաստան-Կոսովո՝ 0-1

Պարտություն տարվա առաջին խաղում. Հայաստան-Կոսովո՝ 0-1

Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ մարտի 22-ին, ընկերական հանդիպում է անցկացրել Կոսովոյի ընտրանու հետ և նվազագույն հաշվով պարտություն կրել:

Խաղի 25-րդ րոպեին Կոսովոյի հավաքականի կազմում հանդիպման հաշիվը բացել է Միլոտ Ռաշիցան:

Առաջին կեսի վերջին վայրկյանին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հաշիվը հավասարեցնելու իրական հնարավորություն ունեցան. Վահան Բիչախչյանի առաջխաղացումը կանոնների խախտմամբ խոչընդոտելու արդյունքում նշանակվեց տուգանային, որն էլ նպաստավոր դիրքից իրացրեց հենց գյումրեցի խաղացողը: Նրա հուժկու հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից:

Երկրորդ խաղակեսում մեր ֆուտբոլիստներն ավելի ակտիվ էին գործում՝ տիրելով նախաձեռնությանն ու քիչ թե շատ վտանգավոր պահեր ստեղծելով մրցակցի դարպասին, որոնք, սակայն, գոլով եզրափակել չհաջողվեց:

Հիշեցնենք՝ սա Հայաստանի ազգային հավաքականի համար 250-րդ հանդիպումն էր: Իսկ ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը Կոսովոյի ընտրանու հետ մրցավեճում հոբելյանական՝ 80-րդ հանդիպումն էր անցկացնում: 31-ամյա պաշտպանը 22-րդ անգամ է խաղադաշտ դուրս եկել ավագի թևկապով: Կոսովոյի հետ խաղին մարզադաշտից ավելի քան 10 հազար հանդիսական է հետևել:

Մարտի 26-ին Հայաստանի հավաքականը Պրահայում ընկերական խաղ կանցկացնի Չեխիայի հավաքականի հետ, գրում է armsport.am-ը:

  • Կիսվել: