երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճելն իրատեսական չէ մեր հավաքականի համար. Հովհաննես Դավթյան

Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճելն իրատեսական չէ մեր հավաքականի համար. Հովհաննես Դավթյան

Ֆերդինանդ Կարապետյանը հավաքականում չի: Նա չի մասնակցել Հայաստանի առաջնությանը, չի ընդգրկվել ազգային հավաքական: Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճելն իրատեսական չէ մեր հավաքականի համար: Ինչ վերաբերում է Ֆերդինանդին, եթե ցանկություն ունենար պայքարել օլիմպիական ուղեգրի համար, նախ պետք է գար, մասնակցեր երկրի առաջնությանը: Մենք որեւիցե մեկի հետ խնդիր չունենք: Նա ինձ հետ կապի դուրս չի եկել, ինձ հետ ոչինչ չի խոսել, չի քննարկել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը:

Փարիզի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 3 ամիս: Ձյուդոյի մրցաշարում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա: Հայաստանի առաջատար ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը դուրս է մնացել ազգային թիմից եւ չի մասնակցում վարկանիշային մրցաշարերին:

Հովհաննես, հայ ձյուդոիստներ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու ի՞նչ հնարավորություններ ունեն:

Այս Օլիմպիական խաղերի վրա շեշտադրություն չենք արել, մենք ավելի շատ կենտրոնացած ենք 2028 թվականի Խաղերի վրա: Ձյուդոյում շատ դժվար է ուղեգիր նվաճել: Մյուս մարզաձեւերի պես մենք չունենք հնարավորություն Եվրոպայի, աշխարհի առաջնություններում ոսկե, արծաթե մեդալակիր դառնալով ուղեգիր նվաճել, մեզ մոտ ամեն ինչ այլ է: Մենք ուղեգրերի համար պայքարը սկսում ենք օլիմպիական ցիկլի մեկնարկից՝ մրցաշարերի մասնակցելով եւ վարկանիշային միավորներ ձեռք բերելով:

Այժմ ունենք հավաքականի նոր կազմ, որում ընդգրկված են հիմնականում երիտասարդներ: Նրանք առաջին քայլերն են անում մեծահասակներում։ Կարծում եմ, դժվար թե կարողանանք Փարիզ-2024-ի ուղեգրի համար պայքարել:

Քանի՞ վարկանիշային մրցաշարեր դեռ կան:

Դեռ 3-4 վարկանիշային մրցաշարեր կան: Օրինակ՝ առջեւում Եվրոպայի առաջնությունն է: Այստեղ կա հստակ թիվ. լավագույնների շարքում պետք է լինես, բայց դա էլ քեզ չի երաշխավորում ուղեգիր: Լավագույն տասնյակում, օրինակ, եթե ընդգրկվեցիր, պետք է նաեւ ունենաս համապատասխան վարկանիշներ, որպեսզի ուղեգիր նվաճես: Այսինքն՝ ռեյտինգով է որոշվելու՝ ովքեր են նվաճում ուղեգիր:

Ամենք դեպքում մասնակցելո՞ւ եք վարկանիշային մրցաշարերին:

Այո, կպայքարենք, որքան մեր հնարավորությունները  թույլ կտան: Այս պահին պատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը, որը նույնպես վարկանիշային է: Մասնակցելու են երիտասարդները, որոնք հանդես եկան Թբիլիսիի «Մեծ սաղավարտի» մրցաշարում: Երեք ձյուդոիստ է ընդգրկված կազմում:

Վարկանիշից խոսելն իրատեսական չի, քանի որ երիտասարդներ են, եւ նրանց համար առաջին Եվրոպայի առաջնությունն է մեծահասակներում: Մեկ մրցումով վարկանիշ չես հավաքի. տրամաբանական չի:

Այսինքն՝ Փարիզի Օլիմպիական խաղերում ձյուդոիստ չենք ունենա՞:

Փարիզը՝ սուտ կլինի ասել, բայց այնպես էլ չի, որ լիովին հրաժարվել ենք: Փորձում ենք, մասնակցելու ենք, պայքարելու ենք, բայց գործնականում իրական չի:

Հիմնական նպատակը 2028 թվականի Օլիմպիական խաղերն են, որպեսզի մենք այս տարվանից արդեն ունենանք հաջորդ օլիմպիական ցիկլի ծրագիրը: Այս տղաները հիմա մասնակցում են վարկանիշային մրցաշարերին, որպեսզի հաջորդ 4 տարին վարկանիշային միավորներ հավաքելու եւ վարկանիշների համար պայքարելու փորձ ունենան: Ամեն ինչ անում ենք, որ 2028-ին արդեն ունենանք օլիմպիական վարկանիշներ եւ մեդալի համար պայքարող ձյուդոիստներ: Այդ պատճառով է այժմ շեշտը դրված այս երիտասարդների վրա: Նրանք իրենց արդեն դրսեւորել են երիտասարների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում: Այս տղաներին հնարավորություն ենք տալիս նաեւ մեծահասակներում պայքարել:

Ձյուդոյում սպիտակ քարտ կա՞: Եթե լինի, կգնաք սպիտակ քարտով:

Մենք չենք վերցնում եւ չենք վերցնի: Եթե մասնակցենք, մեր պայքարով եւ մեր ուժերով նվաճած ուղեգրերով: Եվ եթե գնանք Օլիմպիական խաղեր, միայն մեդալի պայքարի համար: Մեզ չեն հետաքրքրում սպիտակ քարտերը, եթե նույնիսկ առաջարկեն, ես որպես գլխավոր մարզիչ, կհրաժարվեմ:

2018 թվականի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանն ինչո՞ւ է դուրս մնացել օլիմպիական ուղեգրի համար պայքարից: Որտե՞ղ է նա:

Ֆերդինանտդ Կարապետյանը հավաքականում չի: Չի մասնակցել Հայաստանի առաջնությանը, չի ընդգրկվել ազգային հավաքական, չի հրավիրվել:

Ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ չի մասնակցել:

Կոնկրետ պատճառ չկա: Մենք նրա մարզավիճակի մասին որեւէ տեղեկություն չունենք: Երբ կգար Հայաստանի առաջնություն կմասնակցեր, լավ մարզավիճակում կլիներ, մեխանիկորեն կընդգրկվեր հավաքական: Քանի որ մենք ընդհանուր տեղեկություն չունենք նրա մարզավիճակից, մենք էլ իրեն հավաքական չենք հրավիրել: Ինչ գումարներ, որ նախատեսել ենք ծախսելու, շեշտը դրել ենք այս երիտասարդների վրա:

Նախորդ Օլիմպիական խաղերում ամեն ինչ այլ էր: Տոկիոյից առաջ նա մշտապես հավաքների մեջ է եղել, հավաքանում է եղել, մեր կողմից տրված առաջադրանքներն ու մարզումները կատարել է եւ մենք նրա հետ միասին արդյունքով ապացուցել ենք, որ հնարավոր է 6 ամսում վարկանիշ անել: Տոկիոյից առաջ ես նրան հրավիրել էի հավաքական, նրա մարզավիճակից տեղեկացված էի, միասին աշխատել ենք, վարկանիշ ենք ձեռք բերել: Այժմ չեմ կարող ասել՝ կոնկրետ ինչն է խնդիրը. մարզումների մեջ է, իր մեջ է: Իմ՝ հավաքականը գլխավորելու ժամանակահատվածում, երբ նա եղել է թիմում, միասին աշխատել ենք, ոչ մի խնդիր չի եղել: Էլի եմ ասում՝ գործով ենք ապացուցել, որ խնդիր չի եղել, քանի որ կարճ ժամանակում օլիմպիական վարկանիշ ենք վաստակել:

Ֆերդինանդի հետ կապ հաստատե՞լ եք, խոսե՞լ եք, ասե՞լ է, թե ինչու չի եկել Հայաստանի առաջնության կամ ինչ մարզավիճակում է:

Ոչ, նրա հետ կապ չի եղել, զրույց չի եղել: Մենք կենտրոնացած ենք մեր տղաների, հավաքականի վրա: Եթե ցանկություն լիներ, կգար, կմասնակցեր, քանի որ նրա հետ որեւէ խնդիր չկա, հավաքականում խնդիր չունի:

Կոնկրետ նրա հետ խոսակցություն չի եղել: Եթե ինչ-որ մարզիկ հրավիրվում է հավաքական, հրավիրվում է գլխավոր մարզիչի թույլտվությամբ եւ մարզիկի մարզավիճակի տվյալներով: Կապ չունի՝ բարձրակարգ մարզիկ է, թե ոչ, եթե նա գլխավոր մարզիչի կողմից ազատված չի Հայաստանի առաջնությունից, նա իրավունք չունի ինքնուրույն որոշում կայացնի եւ բաց թողնի առաջնությունը: Այսինքն՝ ես որպես հավաքականի գլխավոր մարզիչ, նրան չեմ ազատել Հայաստանի առաջնությունից: Եթե նա ցանկություն ուներ պայքարել օլիմպիական ուղեգրի համար, նախ պետք է գար, մասնակցեր երկրի առաջնությանը, չեմպիոն դառնար:

Մի օրինակ բերեմ. անցած տարի Ֆերդինանդը ցանկություն հայտնեց մասնակցել Հայաստանի առաջնությանը: Նշվել էր, որ պետք է գար եւ մասնակցեր: Եկավ առաջնության օրը, հիվանդացավ: Ներկայացավ, ասաց՝ հիվանդ եմ: Ֆեդերացիայով քննարկեցինք, որոշեցի որպես բարձրակարգ մարզիկի նրան ազատենք: Այսինքն՝ Ֆերդինանդը տեղյակ է անցկացման, ազատման կարգից, որ պետք է գա, ներկայանա, մասնակցի: Նրան ազատեցինք առաջնությունից, բայց ես հնարավորություն տվեցի, հրավիրեցի հավաքական, մասնակցեց հավաքների եւ մրցաշարերի: Ես նրան հրավիրեցի ըստ իր մարզավիճակի: Նա մասնակցել է 2023 թվականի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին: Մենք նրան այդ հնարավորությունը տվել էինք:

Ովքե՞ր են մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

Զագրեբում կմասնակցեն Աշիկ Համեյանը (60 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) եւ Գոռ Կարապետյանը (90 կգ): Ապրիլի 10-22-ը Թբիլիսիում հավաք կանցնենք, այնտեղից կմեկնենք Խորվաթիա:

  • Կիսվել: