Փարիզ-2024. Հայաստանն այսօր ունի մեկ մասնակից
Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 30-ին Հայաստանը կունենա մեկ մասնակից:
Լողի Օլիմպիական մրցաշարում պայքարի մեջ կմտնի Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արթուր Բարսեղյանը: Նա կմասնակցի 100 մետր ազատ լողաոճ մրցաձեւում:
Տղամարդկանց որակավորման փուլը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:00-ին:
Լողի օլիմպիական մրցաշարը անցկացվում է «Փարի Լա Դեֆանս» մարզապալատում (Paris La Defense Arena)։
Արթուր Բարսեղյան, լող 100 մետր ազատ ոճ
Ծնվել է 2002 թվականի մարտի 29-ին Երեւանում
Պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների Հայաստանի բազմակի չեմպիոն է եւ ռեկորդակիր, միջազգային մրցաշարերի հաղթող:
Մեծահասակների կազմում առաջին լուրջ փորձը եղել է 2016 թ. ԱՄԷ աշխարհի գավաթի խաղարկությունում, որտեղ սահմանել է անձնական ռեկորդ եւ բարելավել իր արդյունքները:
2017 թ. Հունգարիայում անցկացված Եվրոպական օլիմպիական փառատոնում զբաղեցրել է 6-րդ տեղը:
2017թ. պատանիների աշխարհի առաջնությունում լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի նորմատիվ:
2018 թ. Հելսինկիի միջազգային մրցաշարում նվաճել է պատանիների Օլիմպիական խաղերի վարկանիշ:
2018 թ. Արգենտինայում անցկացված պատանեկան Օլիմպիական խաղերում 50 մետր ազատ ոճ մրցաձեւում 22.69 արդյունքով զբաղեցրել է 7-րդ տեղ:
2019 թ. Բուդապեշտում տեղի ունեցած պատանիների աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը, լրացրել B վարկանիշ եւ նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
2019 թ. Համահայկական խաղերի չեմպիոն է, 2021 թ. Բուլղարիայի բաց առաջնոթյան ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր:
Մասնակցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերին, որտեղ 100 մետր ազատ ոճում 49.78 վայրկյան արդյունքով զբաղեցրել է 38-րդ տեղը: 50 մետր ազատ ոճում 23.14 վայրկյան արդյունքով 73 լողորդների մեջ 43-րդն էր: 2022 թ. աշխարհի առաջնությունում ազատ ոճով 100 մետր ոճում 99 մասնակիցների պայքարում գրավել է 50-րդ տեղը՝ ցույց տալով 50.43 վայրկյան արդյունք
2022 թ. Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո Սանկտ Պետերբուրգում անցկացված Համաշխարհային կադետական խաղերի ոսկե մեդալակիր է բատերֆլյայ ոճում:
Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրին արժանացել է սպիտակ քարտի միջոցով: