կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Փարիզ-2024. Անդրանիկ Կարապետյանի նախնական հայտը երկամարտում 380 կգ է

Փարիզ-2024. Անդրանիկ Կարապետյանի նախնական հայտը երկամարտում 380 կգ է

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում այսօր պայքարն է սկսում ծանրամարտի Հայաստանի թիմը։ Օգոստոսի 9-ին Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականից մրցահարթակ դուրս կգա աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, ռեկորդակիր Անդրանիկ Կարապետյանը (89 կգ):

89 կգ քաշայինների պայքարում տիտղոսի եւ օլիմպիական մեդալների համար կպայքարի 12 ծանրորդ: Անդրանիկ Կարապետյանի երկամարտի նախնական հայտը 380 կգ է: Նույնքան հայտով է ներկայացել եւս երեք ծանրորդ: Այս քաշային կարգի ֆավորիտը աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Կարլոս Նասարն է: Նրա նախնական հայտը երկամարտում 390 կգ է:

 

385 կգ հայտ է ներկայացրել աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր, մոլդովացի Մարին Ռոբուն:

385 կգ հայտով է ներկայացել նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Անտոնինո Պիցոլատոն:

Անդրանիկ Կարապետյանը 2024 թ. Եվրոպայի առաջնությունում 5-րդ-ն էր 365 կգ արդյունքով (170+195):

2023 թ. Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Կարապետյանը երկամարտի 374 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ (178+196): Պոկում վարժությունում Կարապետյանը 178 կգ-ով սահմանեց մեծահասակների Եվրոպայի ռեկորդ եւ արժանացավ փոքր ոսկե մեդալի:

Նույն տարվա սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացված  աշխարհի առաջնությունում Կարապետյանը երկամարտի 377 կգ արդյունքով 4-րդ էր 89 կգ քաշայինների պայքարում (175+202): Հրում վարժությունում հայ ծանրորդն արժանացել էր փոքր ոսկե մեդալի:

Անդրանիկ Կարապետյանի մասնակցությամբ ծանրամարտի օլիմպիական մրցաշարի 89 կգ քաշայինների պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին:

Ծանրամարտի օլիմպիական մրցաշարն անցկացվում է  «Հարավային Փարիզ 6» մարզապալատում (South Paris Arena 6)

  • Կիսվել: