շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բելգիան համառ պայքարում պարտության մատնեց Կանադային

Բելգիան համառ պայքարում պարտության մատնեց Կանադային

Ավարտվեց ԱԱ-ի խմբային փուլի խաղային 4-րդ օրվա վերջին հանդիպումը։ Հանդիպեցին F խմբի ներկայացուցիչները՝ Բելգիայի և Կանադայի հավաքականները։

Հանդիպման 10-րդ րոպեին կանադացիները ստացան 11 մետրանոցի իրավունք, սակայն Կուրտուան հետ մղեց Դեյվիսի հարվածը, իսկ Դեյվիդը հարմար դիրքից չկարողացավ հետ մղված գնդակն ուղարկել դարպասը։

 Խաղակեսի վերջում՝ 44-րդ րոպեին Բելգիան բացում է այս խաղի հաշիվը, աչքի ընկավ Բատշուային։

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում, ինչպես և առաջինում, ավելի ակտիվ հանդիպումը սկսեցին կանադացիները։ Բելգիացիներն իրենց հերթին փորձում էին ավելացնել հաշվի առավելությունը, բայց նրանց գրոհներն արդյունավետ ավարտի չէին հասնում։ Կանադացիները ևս հնարավորություն ունեին հավասարեցնելու հաշիվը, բայց այսօր իր դարպասային հրապարակում հիանալի էր գործում Կուրտուան։

Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ բելգիացիների նվազագույն հաշվով հաղթանակով։ Բելգիացիները երեք միավորով միանձնյա գլխավորեցին մրցաշարային աղյուսակը․

1․ Բելգիա – 3 միավոր
2․ Խորվաթիա – 1
3․ Մարոկկո – 1
4․ Կանադա – 0

Այս խաղում Կանադայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Հերդմանը դարձավ պատմության մեջ առաջին մարզիչը, ով մասնակցել է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց Աշխարհի գավաթի խաղարկություններին: Մինչ Կանադայի տղամարդկանց հավաքականին միանալը Հերդմանը եղել է Նոր Զելանդիայի (2007 և 2011 թվականների Աշխարհի առաջնություն) և Կանադայի (2015 թվականի Աշխարհի առաջնություն) կանանց հավաքականների գլխավոր մարզիչը։

Գրանցվեց ևս մեկ ռեկորդ․ Կանադայի հավաքականի կիսապաշտպան Ատիբա Հատչինսոնը իր թիմի մեկնարկային կազմում էր։ 39 տարեկան 288 օրական հասակում Հատչինսոնը դարձավ Աշխարհի գավաթի խաղարկության ամենատարեց խաղացողը, ով մասնակցեց հանդիպմանն առաջին րոպեներից (այս վիճակագրությունում ընդգրկված չեն դարպասապահները), հայտնում է Opta-ն։

  • Կիսվել: