Մեծածավալ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել. ԿԳՄՍ նախարարը՝ հրաձգության Եվրոպայի առաջնության մասին
Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը պատմական իրադարձություն է հայկական սպորտի համար:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Իսկապես պատմական իրադարձություն է, որովհետև Հայաստանն առաջին անգամ ընդունում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Մեծ ծավալի նախապատրաստական աշխատանք է արված, որպեսզի կարողանանք պատշաճ մակարդակով հյուրընկալել մասնակիցներին: Ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով: Կարծում եմ, որ մենք առաջնության օրերին առիթներ կունենանք մեր հավաքականի, մարզիկների հաջող ելույթներին հետևելու և նրանց նաև պատվանդանին տեսնելու»,-ասաց Անդրեասյանը:
Նախարարը լիահույս է, որ առաջնության ընթացքում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները կպայքարեն ոսկե մեդալների համար:
«Մենք հրաձգության ֆեդերացիայի մեր գործընկերների հետ պլանավորել ենք այնպես, որ Եվրոպայի առաջնության համար ձեռք բերված գույքն ուղղենք մարզադպրոցների համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը: Այս առաջնության կազմակերպման համար պետությունը հատկացրել է շուրջ 500 միլիոն դրամ, և ծախսերի մեջ ներառված է եղել նաև համապատասխան գույքի ձեռքբերումը: Մենք ֆեդերացիայի հետ երկար ենք քննարկել հրաձգության զարգացման հայեցակարգն ու մոտեցումները։ Պետությունը պատրաստ է այդ աշխատանքներն իրականացնել: Սպորտի ոլորտի ֆինանսավորումը 2026 թվականին՝ 2018 թվականի համեմատ, քառապատկվել է: Այս տարի շուրջ 15 միլիարդ դրամ ենք հատկացրել սպորտին: Մեր նպատակները սպորտում շատ լուրջ են, ու մենք ֆեդերացիաների հետ գնալու ենք այն ճանապարհով, որ ավելի կայուն ու լավ արդյունքներ գրանցենք»,-առանձնացրեց նա:
Անդրեասյանը հույս հայտնեց, որ առաջնության ամբողջ ընթացքում դահլիճները լեփ-լեցուն կլինեն:
Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կանցկացվի փետրվարի 27-ից մարտի 5-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ ժամը 19:00-ին։ Մրցաշարին մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 40 երկրի շուրջ 400 մարզիկ և մարզիչ։ Վերջնական հայտացուցակը կհաստատվի առաջիկա օրերին։ Առաջնության շրջանակում կխաղարկվի մեդալների 70 հավաքածու։


