Մեսսին գերազանցել է Կլոզեին, բայց նաև հակառեկորդ է սահմանել ԱԱ-ի պատմության մեջ
ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին Եգիպտոսի դեմ 1/8 եզրափակիչի խաղում միանգամից մի քանի տպավորիչ, բայց նաև հակասական ռեկորդներ է սահմանել։
Ատլանտայի «Մերսեդես-Բենց Սթեդիում» մարզադաշտում ընթացող հանդիպման 21-րդ րոպեին, երբ հաշիվը 1:0 էր հօգուտ եգիպտացիների, Մեսսին չի կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը։ Այս դրվագն ու ընդհանուր հանդիպումը պատմական դարձան արգենտինացու համար մի քանի ցուցանիշներով.
Բացարձակ ռեկորդակիր խաղերի քանակով. Մեսսին անցկացնում է իր 31-րդ հանդիպումը աշխարհի առաջնություններում՝ դառնալով բացարձակ ռեկորդակիր պատմության մեջ (հաշվի առնելով նաև կանանց ֆուտբոլը, որտեղ նախկին ռեկորդը պատկանում էր ամերիկուհի Քրիստին Լիլիին):
Կրկնված ռեկորդ փլեյ-օֆֆում. Սա արգենտինացու 14-րդ խաղն է Մունդիալների փլեյ-օֆֆ փուլերում, ինչով նա հավասարվեց Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեին:
Ամենաշատ 11-մետրանոցներ իրացնողը. Եգիպտոսի դեմ նշանակված հարվածը 8-րդն էր Մեսսիի համար աշխարհի առաջնություններում, ինչը նոր ռեկորդ է (նա շրջանցեց անգլիացի Հարի Քեյնին, որն ունի 7 մոտեցում նշանակետին):
Պատմական հակառեկորդ. Իրացրած 8 տուգանայիններից Մեսսին գոլի է վերածել միայն կեսը՝ 4-ը (վրիպումներ են գրանցվել 2018-ին, 2022-ին և արդեն երկու անգամ 2026-ին):
Վատագույն ցուցանիշ մեկ մրցաշարում. Լիոնել Մեսսին դարձավ ֆուտբոլի պատմության մեջ առաջին խաղացողը, որը մեկ աշխարհի առաջնության ընթացքում չի իրացնում երկու 11-մետրանոց հարված: Նախկինում ԱԱ-2026-ի շրջանակում նա վրիպել էր նաև խմբային փուլի 2-րդ տուրի՝ Ավստրիայի դեմ խաղում (2:0):
Հիշեցնենք, որ Արգենտինայի ազգային հավաքականն աշխարհի գործող չեմպիոնն է, որը 2022 թվականի Մունդիալի եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով առավելության էր հասել Ֆրանսիայի նկատմամբ:



