ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մենք մեդալների հետևից էինք գնում, սակայն ոսկին անսպասելի էր. մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ

Մենք մեդալների հետևից էինք գնում, սակայն ոսկին անսպասելի էր. մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչները գոհ են աշխարհի առաջնությունում մարզիկների գրանցած արդյունքներից:

Ասուլիսի ընթացքում Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշեց, որ աշխարհի առաջնությունում հայ մարզիկների գրանցած արդյունքներին, հատկապես Արթուր Դավթյանի կողմից ոսկե մեդալ նվաճելուն այնքան էլ չէին հավատում: «Անհավատալի էր, քանի որ շատ բարդ ու շատ դժվար էր: Մենք մեդալների հետևից էինք գնում, սակայն ոսկին անսպասելի էր: Հենացատկում երկրորդ տեղում աշխարհի գործող չեմպիոնն էր: Արթուրը մինչ այս չուներ աշխարհի առաջնության որևէ մեդալ: Այլ մարզիկի համար ցանկացած մեդալը լավ արդյունք կլիներ: Բայց, ի պատիվ Արթուրի, ունենք ոսկե մեդալ: Ինձ համար պարզ էր, որ նա աշխարհի չեմպիոն է, այն պահին, երբ նա ստացավ իր գնահատականը: Մեր ցուցանիշները լավ աշխատանքի, ընտանեկան մթնոլորտի արդյունք են»,- ասաց գլխավոր մարզիչը:

Սերոբյանի խոսքով` մարմնամարզիկները փաստերով են ապացուցում, որ կարող են ավելին անել, սակայն հետևողական աշխատանք է պետք կատարել:

«Մենք ունենք մարզիկներ, որոնք լավ ապագա ունեն: Արթուր Ավետիսյանի 4-րդ հորիզոնականը բարձր արդյունք է: Մեզ համար բացառիկ արդյունք էր նաև այն, որ եզրափակիչում ունեցանք չորս մասնակից: Այս ամենը վկայում է այն մասին, որ մարմնամարզությունը մեր երկրում աճ է գրանցում: Մեզ ցանկացած հարցում աջակցում էր ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը»,-առանձնացրեց նա:

Խոսելով Հարություն Մերդինյանի մասին, ով 38 տարեկանում կարողացել է դառնալ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր` գլխավոր մարզիչը շեշտեց, որ նման արդյունքը մարմնամարզությունում պարզապես անհավանական է:

Անդրադառնալով միջազգային արձագանքին` Սերոբյանը շեշտեց, որ միջազգային գործընկերները առանձնացրել են, որ Հայաստանի հավաքականը դեռևս չի հասկանում, թե ինչ բացառիկ արդյունք է գրանցել` հաշվի առնելով ներկայիս մարզումային պայմանները:

«Երկրներ կան, որոնք ուզում են միասնական հավաք անցկացնենք: Նույնիսկ գումար են առաջարկում, որ միասնական մարզում անցկացնենք: Բարձր գնահատականներ ենք ստանում տարբեր ազգերի ներկայացուցիչներից»,-ասաց նա:

Սերոբյանն ընդգծեց` Օլիմպիական խաղերում Հայաստանը չի մասնակցի թիմային պայքարին: Չնայած դրան՝ բոլոր մարմնամարզիկները ձգտելու են օլիմպիական ուղեգիր նվաճել: Սերոբյանն ընդգծեց, որ քվոտայի կանոնակարգը փոխվել է, սակայն հավելեց, որ Հայաստանի հավաքականի անդամները բարձր որակներ ունեն և ունակ են պայքարելու:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանի խոսքով` ոչինչ հեշտությամբ չի տրվում:

«Մեր տղաներն իսկապես ուժեղ մարզիկներն են: Ինձ համար միայն հաճույք է, որ հենց իրենց հետ եմ մրցումների մասնակցում: Իսկ ինչ վերաբերվում է Արթուր Ավետիսյանին, ապա նա արեց այն, ինչ կարող է: Մնում է միայն բարդացնել վարժությունները, եթե ուզում ենք մեդալների համար պայքարել»,-ասաց նա:

  • Կիսվել: