շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
 Մեդալներ կունենանք, լավ մարզավիճակում ենք մոտենում ԵԱ- ին․ Սեյրան Նիկողոսյան

Մեդալներ կունենանք, լավ մարզավիճակում ենք մոտենում ԵԱ- ին․ Սեյրան Նիկողոսյան

Հրաձիգները շատ լավ մարզավիճակում են մոտենում Եվրոպայի առաջնությանը: Կունենանք մեդալներ, բայց չգիտեմ՝ քանիսը եւ ինչ գույնի: Հուսամ՝ Երեւանում անցկացվող հրաձգության Եվրոպայի առաջնությունը զարկ կտա Հայաստանում մարզաձեւի զարգացմանը: 

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: 

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փետրվարի 27-ից մարտի 5-ը կանցկացվի հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի 26 հրաձիգով: 

«Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլը նորմալ տեմպերով առաջ է գնում: Բոլոր խնդիրները լուծված են, շատ մեծ աշխատանք է արվել: Մի փոքր վախ ունեի զենքերի դիմավորելու եւ ճանապարհելու հարցում: Հուսամ՝ ամեն ինչ նորմալ կընթանա: 

Հավաքական թիմը մարզումների մեջ է: Բոլորը շատ լավ մարզավիճակում են: Կունենանք մեդալներ, բայց չգիտեմ՝ քանիսը եւ ինչ գույնի: 

Նախկինում միշտ երազել էի՝ թեկուզ 5 ներկայացուցիչով մասնակցել Եվրոպայի առաջնությանը կամ այսպիսի խոշոր մրցաշարի: Հիմա ունենք 26 մասնակից եւ մեր երկրում է անցկացվում: Հայաստանում մարզաբազաների խնդիր ունենք, այս առումով շատ բարդ վիճակում ենք: Միայն մեկ նորմալ, գործող մարզադպրոց ունենք: Գյումրին, Վանաձորը, Երեւանը չունեն մարզադպրոցներ: Ակնկալում եմ, որ Երեւանում անցկացվող հրաձգության Եվրոպայի առաջնությունը զարկ կտա երկրում մարզաձեւի զարգացմանը: Վստահ եմ, որ մեդալ կունենանք եւ վստահ եմ, որ ոչ 1 մեդալ, այլ շատ: Չեմ կարող հստակ ասել, թե ինչ գույնի: Հրաձգություն է, գուցե մեկը 0,1 միավորով հետ մնա ոսկե մեդալի համար պայքարից: Այդ պատճառով չեմ ցանկանում ժամանակից շուտ խոստումներ տալ, մի փոքր էլ բախտի գործոնը կա: Հրաձգությունը շատ երկրներում է զարգացել: Եվրոպական երկրներն են ֆավորիտների շարքում: Վստահ կարող եմ ասել, որ Հայաստանում էլ է մարզաձեւը սկսել զարգանալ: Մենք նույնպես ֆավորիտ երկրների շարքում ենք: Արդյունքները կտեսնենք կրակելուց հետո. լավ է լինելու: 

Եվրոպայի առաջնությանը պատրաստվել ենք մի քանի փուլերով: Տարին սկսել ենք Մյունխենում անցկացված միջազգային մրցաշարով: 4 մասնակից ունեինք օլիմպիական մրցաձեւերում: Մեդալներ չնվաճեցինք, բայց արդյունքները բարձր էին, լավ տեղեր ենք գրավել:  

Միջազգային մրցաշարից հետո Երեւանում հավաք ենք անցել, մարզումներն այս պահին դեռ շարունակվում են: Կմասնակցենք բարձր մակարդակով»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը: 

Սեյրան Նիկողոսյանի գլխավորած հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն՝ 
Հրացան` Հրաչիկ Բաբայան, Արտյոմ Գրիգորյան, Միհրան Գաբրիելյան
Ատրճանակ` Բենիկ Խլղաթյան, Զավեն Իգիթյան, Գևորգ Մելքոնյան, Էլմիրա Կարապետյան:

Շարժվող թիրախ` Հովհաննես Մարգարյան, Գոռ Խաչատրյան, Հայկ Մինասյան, Տիգրան Մանուկյան, Լիլիթ Մկրտչյան, Գոհար Հարությունյան, Արուսյակ Գրիգորյան, Մարի Ղազարյան, Մարիամ Մկրտչյան:
Շարժվող թիրախ (երիտասարդներ)` Համլետ Կարենյան, Մանվել Գրիգորյան, Գոռ Մարտիրոսյան, Արման Բարսեղյան, Վլադիմիր Առաքելյան, Անահիտ Սարգսյան, Աիդա Ազատյան, Լիլիթ Մկրտչյան, Յանա Հակոբյան, Նատալի Իսախանյան: 

  • Կիսվել: