Մայք Թայսոնի ինքնազգացողությունը վատացել է Մայամիից Լոս Անջելես թռչող ինքնաթիռում
Ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնի ինքնազգացողությունը վատացել է Մայամիից Լոս Անջելես թռչող ինքնաթիռում, հայտնում է In Touch Weekly-ն՝ վկայակոչելով նրա ներկայացուցիչներին։
Նշվում է, որ դա կապված էր խոցի հետ։
Հրատարակության տվյալներով՝ ինքնաթիռի վայրէջքից կես ժամ առաջ Մայք Թայսոնը վատացել է։ Վայրէջքից անմիջապես հետո շտապօգնության աշխատակիցները բարձրացել են օդանավ: Արդյունքում, ուղևորները կարողացել են իջնել մոտ 25 րոպե անց։
«Բարեբախտաբար, պարոն Թայսոնն այժմ իրեն լավ է զգում: Վայրէջքից 30 րոպե առաջ նա սկսել է սրտխառնոց և գլխապտույտ զգալ խոցի սրացման պատճառով: Նա շնորհակալ է բուժանձնակազմին ցուցաբերած օգնության համար»,- պարզաբանել է բռնցքամարտիկի ներկայացուցիչը։
57-ամյա Մայք Թայսոնը բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն է ծանր քաշային կարգում։ Իր կարիերայի ընթացքում նա անցկացրել է 58 մենամարտ՝ հաղթելով 50-ում և պարտվելով վեցում: