շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մարզչական շտաբն ամփոփել է Հայաստանի ազատ ոճի ըմբիշների ելույթները Եվրոպայի առաջնությունում

Մարզչական շտաբն ամփոփել է Հայաստանի ազատ ոճի ըմբիշների ելույթները Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբը ըմբիշների հաջողությունները Եվրոպայի առաջնությունում կապում է փոխադարձ վստահության ու հավատի հետ: 

Lրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ամփոփեց Եվրոպայի առաջնության արդյունքները: 

«Մենք կարող էինք այլ մեդալներ էլ նվաճել, սակայն ունենք միայն երկու ոսկե մեդալ, որոնք նվաճեցին Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը: Դեռևս մանրամասն չենք վերլուծել արդյունքները: Հաջողությունները կապված են միմյանց վստահելու հետ»,-ասաց նա:

Հայաստանի հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը շեշտեց, որ Եվրոպայի առաջնության սխալները չեն լինի աշխարհի առաջնության ժամանակ: «Ընդհանուր առմամբ թիմը լավ հանդես եկավ, սակայն ամեն ինչ կարող էր ավելի լավ լինել: Մենք ավելի շատ մեդալներ էինք սպասում: Լիահույս եմ, որ արդեն աշխարհի առաջնությանը տղաներն ավելի լավ կմասնակցեն և առավել շատ մեդալներ կնվաճենք»,-ասաց նա:

ՀՀ պատանեկան հավաքականի ավագ մարզիչ և Արսեն Հարությունյանի անձնական մարզիչ Արշակ Հայրապետյանը շեշտեց, որ իրենց մարզադպրոցից Եվրոպայի առաջնության չեմպիոն վերջին անգամ եղել էր 1997 թվականին և հույս հայտնեց, որ ապագայում մեդալների քանակը կշատանա:

Վազգեն Թևանյանի անձնական մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանը ընտրանու ձեռքբերումները միասնական աշխատանքի արդյունք է համարում։ Նրա խոսքով՝ միասնական աշխատանքը, հավատը մեկմեկու նկատմամբ բերում է մեդալների:

  • Կիսվել: