շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մանկապատանեկան մարզադպրոցներին և մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին անհատույց սեփականության իրավունքով կտրամադրվի գույք

Մանկապատանեկան մարզադպրոցներին և մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին անհատույց սեփականության իրավունքով կտրամադրվի գույք

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 24-ի նիստում հավանության է արժանացրել մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ հասարակական կազմակերպություններին անհատույց սեփականության իրավունքով գույք տրամադրելու վերաբերյալ որոշման նախագիծը, որը մշակել է ԿԳՄՍ նախարարությունը։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ որոշմամբ հաստատվել է 2022 թվականին ձեռք բերվող գույքի բաշխման ցանկը՝ ըստ ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և այլ հասարակական կազմակերպությունների: Նախատեսվում է ՀՀ պետական բյուջեում ծախսերի ավելացում՝ 280 մլն 632 հազար դրամի չափով:

Հաշվի առնելով, որ մարզական կազմակերպություններում առկա մարզական գույքը հնանում և մաշվում է, մարզական գույքի զգալի մասն արագամաշ գույք է, իսկ որոշ մասը նույնիսկ մեկանգամյա օգտագործման է, ուստի անհրաժեշտություն է առաջանում յուրաքանչյուր տարի շարունակական իրականացնելու ծրագիրը:

Ներկայում հանրապետության մարզադպրոցներից, մարզաձևերի ֆեդերացիաներից և մարզական հասարակական կազմակերպություններից ստացվել է 2 մլրդ 7 մլն 245 հազար դրամ արժողությամբ գույքի պահանջարկ: Բաշխման ցանկը կազմվել է՝ հաշվի առնելով առաջնահերթությունները՝ կազմակերպություններում պարապողների թիվը, մարզական արդյունքները, աշխարհագրությունը և այլն:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արդեն իսկ իրականացվել է նախատեսված մարզական գույքի գնման գործընթացը: 

Որոշման արդյունքում ակնկալվում է հանրապետության մարզական կազմակերպությունների՝ անկախ գերատեսչական պատկանելությունից, ամրապնդված նյութատեխնիկական բազաների և  ժամանակակից մարզագույքով հագեցված մարզակառույցների առկայություն, ինչպես նաև մարզման բարելավված պայմաններ:

  • Կիսվել: