ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մ23 ԱԱ-ում պայքարը սկսում են հունահռոմեական ըմբիշները. Առաջին օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ

Մ23 ԱԱ-ում պայքարը սկսում են հունահռոմեական ըմբիշները. Առաջին օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հոկտեմբերի  27-ին մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը մասնակցում է ամբողջական կազմով՝ 10 ըմբիշով: Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականից աշխարհի առաջնությանը կմասնակցեն Մանվել Խաչատրյանը (55 կգ),  Սուրեն Աղաջանյանը (60 կգ),  Յուրիկ Հովեյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Հենրիկ Գեւորգյանը (77 կգ), Կարեն Խաչատտրյանը (82 կգ), Սամվել Սարգսյանը (87կգ),  Հայկ Խլոյանը (97 կգ) եւ Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):

Առաջին մրցումային օրը մրցագորգ դուրս կգան 55 կգ, 63 կգ, 77 կգ, 87 կգ եւ 130 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները: Հայաստանի թիմից պայքարը կսկսեն Մանվել Խաչատրյանը (55 կգ), Յուրիկ Հովեյանը (63 կգ), Հենրիկ Գեւորգյանը (77 կգ), Սամվել Սարգսյանը (87կգ) եւ Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):

Մանվել Խաչատրյանը (55կգ) կմեկնարկի որակավորման փուլից, որտեղ կմրցի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո (UWW) հանդես եկող հնդիկ Լայշրամ Սանայի Մեիտեին:

Յուրիկ Հովեյանը (63 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեց կհանդիպի Շվեցարիայի ներկայացուցիչ Յոնաս Մյուլերին:

Հենրիկ Գեւորգյանը (77 կգ) որակավորման փուլում ուժերը կչափի Լիտվան ներկայացնող Աիստիս Լիաուգմինասի հետ:

Սամվել Սարգսյանը (87կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը կլինի որակավորման փուլի Միքայել Ուիլիամս Ֆրանսիս Ալտոմեր (ԱՄՆ)- Մատեյ Մանդիչ (Խորվաթիա) զույգի հաղթողը:

Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) որակավորման փուլում կփորձի հաղթահարել Ճապոնիայի ներկայացուցիչ Սոտա Օկումուրայի արգելքը:

  • Կիսվել: