չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Լեռնային Արցախն» ու «Գանձասարը» չեն ստացել ազգային արտոնագիր

«Լեռնային Արցախն» ու «Գանձասարը» չեն ստացել ազգային արտոնագիր

«Լեռնային Արցախ» եւ «Գանձասար» ակումբները չեն ստացել ազգային արտոնագիր եւ չեն կարողանա մասնակցել Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանին, եթե բողոքարկումը չբավարարվի։

Տեղի է ունեցել ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Նիստի ընթացքում քննության էին դրվել Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2022/2023 թթ. մրցաշրջանի մասնակից 9 ակումբների՝ «Ալաշկերտ», «Փյունիկ», «Վան», «Ուրարտու», «Արարատ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Շիրակ», «Լեռնային Արցախ» և ՀՀ Առաջին խմբի 2022/2023 թթ. առաջնությունում հանդես եկող 2 ակումբների՝ «Գանձասար» և «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբների արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Ազգային արտոնագիր ստանալու համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու ամռանը մեկնարկող Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2023/2024 թթ. մրցաշրջանին:

Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի Ազգային արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից 9-ին՝ «Ալաշկերտ ՖԱ», «Փյունիկ ՖԱ»«Վան ՖԱ»«Ուրարտու ՖԱ», «Արարատ ՖԱ», «Նոա ՖԱ», «Արարատ-Արմենիա ՖԱ» «Շիրակ ՖԱ» և «ՖԱ Վեստ Արմենիա»:

Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի արտոնագրային գործընթացին և կսկսեն նախապատրաստել իրենց ֆինանսական փաստաթղթային փաթեթները վերոնշյալ արտոնագիրը ստանալու համար:

Արտոնագրման կոմիտեն 6 կողմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ որոշեց մերժել «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի Ազգային արտոնագիրն առ այն, որ ակումբը չի բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2022թ. խմբագրություն) Հոդված 17-ի և Հոդված 39-ի պահանջները։

Կոմիտեն նաև 5 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ որոշեց  մերժել «Գանձասար ՖԱ» ՀԿ-ի Ազգային արտոնագիրն առ այն, որ ակումբը չի բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2022թ. խմբագրություն) Հոդված 17-ով և Հոդված 39-ով սահմանված պահանջները:

«Գանձասար ՖԱ» ՀԿ-ի և «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի արտոնագրման դիմումի մերժման արդյունքում վերոնշյալ ակումբների առաջին թիմերը հնարավորություն չեն ունենա մասնակցել Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2023/2024 թթ. մրցաշրջանին:

Ակումբներն իրավունք ունեն բողոքարկելու ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կայացրած որոշումը աշխատանքային 5 (հինգ)  օրվա ընթացքում` սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման Բողոքարկման կոմիտե (Բողոքարկման մարմին):

  • Կիսվել: