կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Լավ է, որ Հայաստանի ռեկորդ սահմանեցի, բայց ինձնից այնքան էլ գոհ չեմ․ Երվանդ Մկրտչյան

Լավ է, որ Հայաստանի ռեկորդ սահմանեցի, բայց ինձնից այնքան էլ գոհ չեմ․ Երվանդ Մկրտչյան

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարում այսօր հանդես է եկել 800 մետր վազք մրցատարածությունում և ցույց տվել 1:49.91 վայրկյան արդյունք, ինչը Հայաստանի նոր ռեկորդ է: Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ 
 
Ամփոփելով իր մրցելույթը՝ Երվանդ Մկրտչյանը նշել է՝ առաջին Օլիմպիական խաղերին մասնակցությունը կարելի է հաջող համարել Հայաստանի ռեկորդ սահմանելու առումով. «Լավ է, որ Հայաստանի ռեկորդ սահմանեցի, բայց ինձնից այնքան էլ գոհ չեմ, քանի որ կարծում եմ՝ սա իմ առավելագույնը չէր: Վաղը ևս մեկ մեկնարկ ունեմ. կփորձեմ բարելավել արդյունքս: Ես միջին տարածությունների վազորդ եմ՝ 800 և 1500 մետր, որոնք իրար բավական մոտ են: Կարծում եմ՝ արագության խնդիր ունեցա, ինչի վրա պետք է աշխատեմ»:
 
Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում անցկացվող աթլետիկայի մրցումներին շուրջ 70 հազար հանդիսական էր հետևում: Երվանդ Մկրտչյանը խոստովանում է՝ սա մեծ ճնշում էր.
 
«Առաջին անգամ էի այսքան մեծ թվով հանդիսականների ներկայությամբ վազում: Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների եմ մասնակցել, բայց նման բան չէի տեսել: Մթնոլորտը շատ տպավորիչ էր, բայց նաև՝ ճնշող: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ է ընթանում: Կազմակերպչական առումով ամեն ինչ շատ բարձր մակարդակի է: Ինչ վերաբերում է իմ մարզումներին, ապա վերջին երկու շաբաթում հենց Փարիզում շատ լավ պատրաստություն եմ անցել և բարձր տրամադրություն ունեմ»:
 
Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը Երվանդ Մկրտչյանի ցույց տված արդյունքը բավարար է համարում:
 
«Երվանդը Հայաստանի առաջատար վազորդներից է. շատ ուրախ եմ, որ զգաց Օլիմպիական խաղերի շունչը, փորձ ձեռք բերեց և նաև Հայաստանի ռեկորդ սահմանեց: Հուսով եմ՝ վաղվա մրցելույթում էլ ավելի կլավացնի իր արդյունքը: Աթլետիկայի մրցումներն Օլիմպիական խաղերի զարդն են:
 
Իհարկե, կցանկանայի, որ Հայաստանի աթլետիկայի հավաքականի ավելի մեծ թվով մարզիկներ լինեին այստեղ ու մասնակցեին այս խաղերին»,- ասում է Ռոբերտ Էմմիյանը:

  • Կիսվել: