ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կարողացանք ամբողջ աշխարհին ցույց տալ, որ նվիրվածության շնորհիվ հնարավոր է ունենալ փառահեղ հաղթանակներ. Վանոյան

Կարողացանք ամբողջ աշխարհին ցույց տալ, որ նվիրվածության շնորհիվ հնարավոր է ունենալ փառահեղ հաղթանակներ. Վանոյան

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանի նվաճած ոսկե մեդալը նվիրված աշխատանքի արդյունք է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը։

«Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին մարմնամարզությունը շարունակաբար լավ արդյունքներ է գրանցում, ու այդ ամենը ի պատիվ մեր մարզիչների ու մեր տղաների, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում: Մենք կարողացանք ամբողջ աշխարհին ցույց տալ, որ աշխատասիրության, նվիրվածության շնորհիվ հնարավոր է ունենալ փառահեղ հաղթանակներ», - նշեց նա։

Ֆեդերացիայի նախագահը վստահ է՝ երկու-երեք տարվա ընթացքում ունենալու են միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան սպորտային մարմնամարզության դահլիճ:
 

«Օդում կախված հարց չկա: Մարզադահլիճը կլինի, ասում եմ որպես ֆեդերացիայի նախագահ», - վստահեցրեց Վանոյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի վարժության եզրափակիչում գրավել է առաջին տեղը` դառնալով աշխարհի չեմպիոն: Նա դարձել է առաջին մարմնամարզիկը, որն անկախ Հայաստանի համար նվաճել է ԱԱ-ի ոսկե մեդալ:

  • Կիսվել: