ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կառավարությունն առաջարկում է պարգևատրվող մարզաձևերի և միջոցառումների ցանկում ներառել նաև ռազմական խաղերը. քննարկում ԱԺ-ում

Կառավարությունն առաջարկում է պարգևատրվող մարզաձևերի և միջոցառումների ցանկում ներառել նաև ռազմական խաղերը. քննարկում ԱԺ-ում

ՀՀ կառավարությունը «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներով և փոփոխությամբ առաջարկում է լուծել երեք կարևորագույն խնդիր. այդ մասին նշվել է հունվարի 16-ի ԱԺ նիստում:

Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ առաջինը ռազմական խաղերի կարևորությունն ընդգծելն է: Ըստ փոխնախարարի՝ դրանք հեղինակավոր մրցումներ են, որոնց երբեմն մասնակցում է մինչև 200 երկիր. Օլիմպիական խաղերից հետո ամենամասսայական մրցումներն են: Կարեն Գիլոյանը պարզաբանել է, որ բանակային խաղերն ընդգրկված չեն միանգամյա պարգևավճար ստացող միջոցառումների ցանկում, և հավաքականները պարբերաբար բանակային խաղերին ուղարկում են երկրորդ, երրորդ համարներին՝ ուժեղներին թողնելով Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններին պատրաստվելու և մասնակցելու համար:

«Կարծում ենք, որ 200 երկրի մասնակցությամբ անցկացվող խաղերին պետք է առաջին համարները մասնակցեն, և դրա համար պետք է ամեն ինչ անենք, որ մարզիկները շահագրգռված լինեն՝ մասնակցելու այդ խաղերին»,- ասել է նա: Այս համատեքստում առաջարկվում է այդ խաղերը ևս ներառել պարգևատրվող մարզական միջոցառումների ցանկում: Մարզիկները հաջողության դեպքում բանակային խաղերից կստանան պարգևավճար, ինչպես աշխարհի և Եվրոպայի առաջնություններից, ուսանողական կամ Օլիմպիական խաղերից են ստանում:

Հաջորդ կարգավորմամբ լիազորող նորմ է ստեղծվում, որը հնարավորություն կտա Կառավարությանն ավելի հեշտ իրականացնել ծրագրերը: Փոխնախարարը պարզաբանել է, որ, օրինակ, անցած տարի իրականացված «Փարիզ 24» ծրագրով լրացուցիչ վարձատրություն կամ նպաստ է նշանակվել մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին, հավաքականների գլխավոր և ավագ մարզիչներին, բժիշկներին և մերսողներին: «Սրա շնորհիվ էր նաև, որ շռնդալից հաջողություններ ունեցանք, և 307 մեդալ նվաճեցին մեր մարզիկները պատանիների, երիտասարդների և մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում: Այդ լիազորող նորմը թույլ կտա ավելի շատ իրականացնել նման ծրագրեր»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Հաջորդ փոփոխությամբ էլ տարեկան ծրագրերը կհաստատվեն ոչ թե Կառավարության որոշմամբ, այլ լիազոր մարմնի կողմից:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

ԱԺ նիստում քննարկվել է նաև մեկ այլ հարց. Սիսակ Գաբրիելյանը փոփոխություններ և լրացումներ է առաջարկել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում: Նախագիծը միտված է հակադոպինգային քաղաքականության մշակմանը, «դոպինգ» հասկացության սահմանմանը: Ներպետական օրենսդրությունը համապատասխանեցվում է միջազգային չափորոշիչներին, որպեսզի մեր մարզիկները չզրկվեն, չորակազրկվեն միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից:

Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է նաև, որ այս տարի նախատեսվում է ատեստավորման գործընթացը ներդնել նաև մարզադպրոցների մարզիչների համար: Նախնական փուլում՝ ապրիլ-մայիսին, տեղի կունենա մի քանի մարզաձևերի մարզիչների ատեստավորումը: Նախատեսվում է կամավոր ատեստավորման միջոցով բարձրացնել նրանց աշխատավարձերը:

Հարակից զեկույցում պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտնել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին:

Դոպինգի դեմ հայտարարված պայքարն անողոք է և միանգամայն արդարացված է այն, ինչ կատարում է Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը, որը կարող է այս կամ այն երկրին զրկել մրցումներին մասնակցելու իրավունքից. այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պայքարում է դոպինգի դեմ և ամենևին չի խրախուսում այդ ճանապարհով ձեռք բերված որևէ հաջողություն: Փոխնախարարը տեղեկացրել է, որ հաջորդ տարի մեր երկրում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Համաշխարհային հակադոպինգային գործակալության հետ կանցկացվի համաժողով, ինչը կնպաստի այս ոլորտում Հայաստանի դերի բարձրացմանը:

Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հետաքրքրվել է, թե արդյոք մեր երկրում կա՞ դոպինգային խնդիր: Փոխնախարարը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանի հակադոպինգային գործակալությունը բարձր վարկանիշ ունի Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում, միջազգային ստուգումներ է անցկացնում: Նա նշել է, որ վերջին տարիներին դրական դոպինգ պատասխաններ մեր երկրում չեն արձանագրվել:

Պատգամավոր Միքայել Թումասյանի հարցը փոխնախարարին վերաբերում էր համալիր մարզաձևերի դպրոցների կառուցման հեռանկարներին: Ներկայացնելով իրականացված քայլերը՝ Կարեն Գիլոյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը հսկայածավալ շինարարական գործունեություն է ծավալել: Այս պահին ավարտվում է Սիմոն Մարտիրոսյանի մարզադպրոցի շինարարությունը: Գյումրիում ընթանում է Արթուր Ալեքսանյանի անունով մարզահամալիրի շինարարությունը: «Մեր սպորտային մայրաքաղաք Գյումրիում կունենանք միջազգային չափանիշներին համապատասխանող դահլիճ»,- ընդգծել է նախարարի տեղակալը: Նշվել է, որ Երևանում շարունակվում է հեծանվասպորտի և գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցների շինարարությունը. այն 2024 թ. դեկտեմբերին պիտի հանձնվի շահագործման: Հիմնանորոգվում է «Կիլիկիա» մարզադահլիճը: Արտաշատում ավարտին է մոտենում ստադիոնի աթլետիկական հատվածի շինարարությունը: Փոխնախարարի խոսքով՝ Կառավարության շրջանառվող որոշման նախագծով Երևանում և մարզերում տեղադրվելու են արագ հավաքվող, բոլոր չափանիշներին համապատասխանող մանեժներ՝ 300 տեղանոց տրիբունայով, խաղային դահլիճով:

  • Կիսվել: