ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ինձ համար տարբերություն չկա՝ ես հաղթեցի, թե Դավիթը. ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր Արա Աղանյան

Ինձ համար տարբերություն չկա՝ ես հաղթեցի, թե Դավիթը. ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր Արա Աղանյան

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր Արա Աղանյանի կարծիքով՝ առաջնությունը լավ ստացվեց:

՛՛Պարզապես մի քիչ զգացողության խնդիր կար, ինձ լավ չէի զգում հարթակում: Շնորհավորում եմ Դավիթին: Ինձ համար տարբերություն չկա՝ ես հաղթեցի, թե Դավիթը: Ճիշտ է, գոհ չեմ գրանցածս արդյունքներից, քանի որ մարզումներին ավելի շատ էի բարձրացրել, բայց ամեն ինչ լավ է՛՛,-այս մասին նա ասաց հաղթանակից հետո լրագրողների հետ զրույցում:

Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոնը խոստովանեց, որ առավելագույնին ձգտելու է հաջորդ տարի, և ինքը մրցահարթակում զգացել է երկրպագուների բուռն աջակցությունը:

՛՛Եվրոպայի ոչ մի առաջնությունում այսպիսի աջակցություն չենք ունեցել, ինչպես այստեղ էր՛՛,-նշեց Աղանյանը:

Ավելի վաղ հատնել էինք, որ Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը՝ երկամարտի 377 կգ արդյունքով անհասանելի դառնալով մրցակիցների համար: Եվրոպայի գործող չեմպիոնը փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում՝ 172 և 205 կգ արդյունքներով:

Երկամարտի 364 կգ արդյունքով Եվրոպայի փոխչեմպիոն է հռչակվել Արա Աղանյանը: Նա պոկում վարժությունում 165 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում 199 կգ արդյունքով արժանացել է փոքր արծաթին:

Այս քաշային կարգում լավագույն եռյակը եզրափակել է Իտալիայի ներկայացուցիչ Ջուզեպե Ֆիկոն՝ երկամարտի 363 կգ արդյունքով:

 

  • Կիսվել: