ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ի՞նչ էր տեղի ունեցել Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոնի հետ. ծանր վիճակում հոսպիտալացված Կարպովի մոտ դրական դինամիկա կա

Ի՞նչ էր տեղի ունեցել Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոնի հետ. ծանր վիճակում հոսպիտալացված Կարպովի մոտ դրական դինամիկա կա

Շախմատի Աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը հոկտեմբերի 29-ին հոսպիտալացվել է։ Գրոսմայստերը հիվանդանոց է տեղափոխվել կենցաղային բնույթի վնասվածքի հետևանքով։ Նա բուժվում է Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտի նյարդա-վերակենդանացման բաժանմունքում։

Կարպովի կինը՝ Նատալյա Բուլանովան, պատմել է, թե ինչպես են բժիշկները գնահատում շախմատիստի վիճակը։ Նրա խոսքերը մեջբերում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։

«Բուժող բժիշկն արձանագրել է դրական դինամիկա բոլոր ուղղություններով, բայց առայժմ նա բնութագրվում է որպես ծանր հիվանդ», – ասել է Բուլանովան:

Նա ավելացրել է, որ Կարպովի մոտ թոքաբորբ է առաջացել, ինչը բարդացնում է բուժումը։ Նաև նշել է, որ շուտով կանջատեն արհեստական շնչառության սարքը։

«Այսօր կամ վաղը սարքը կանջատեն, նա կանցնի ինքնուրույն շնչառության։ Հենց նա խոսի, ես կգրեմ այդ մասին»,- ասել է կինը:

Կարպովը շախմատի աշխարհի չեմպիոն է եղել 1975-1985 թվականներին։ Ներկայումս նա Պետդումայի պատգամավոր է։

Ավելի վաղ kp.ru -ն գրել էր, որ Պետդումայի պատգամավորի արյան մեջ հայտնաբերվել էր մոտ 2,7 պրոմիլ ալկոհոլ։

Բժիշկներն ախտորոշել էին ուղեղային այտուց, գանգոսկրի կոտրվածքներ, գլխի վրա  բազմաթիվ հեմատոմաներ և ենթապարախնոիդային արյունազեղումներ։Կան նաև այլ վնասվածքներ՝ ձախ ազդրի փակ կոտրվածք։

Շախմատիստի վիճակը բարդացել է խրոնիկական հիվանդությունների պատճառով:

Գրոսմայստերի դուստրը բացատրել է, որ կենցաղային վնասվածք է եղել, ինչի հետևանքով հայրը բազմաթիվ վնասվածքներ է ստացել։ Իսկ նրա կինը՝ Նատալյա Բուլանովան, վստահեցրել է, որ ամուսինը սայթաքել է։

«Խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։ Հարձակում չի եղել:  Կենցաղային վնասվածք, սայթաքել է առաջին ձյան վրա և հարված ստացել գլխին»,- ասել էր Բուլանովան։

Թե կոնկրետ ինչ է եղել շախմատիստի հետ, ստույգ տեղեկություն չկա։ Սկզբում նա եղել է արհեստական ​​կոմայի մեջ։

Գրոսմայստերին անգիտակից վիճակում հայտնաբերել էին Պետդումայի շենքի մոտ։

«Չեն հարձակվել նրա վրա: Սա կեղծ լուր է։ Բայց այն, որ նա հոսպիտալացվել է, և վիճակը ծանր է, այո»,- Life-ին ասել էր ֆեդերացիայի PR տնօրեն Կիրիլ Զանգալիսը։

  • Կիսվել: