հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում

Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում

Հունահռոմեական ոճի Մ20 տարեկան ըմբիշները 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացված ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ թիմային հաշվարկում հայ ըմբիշները զբաղեցրել են երրորդ հորիզոնականը:

Երիտասարդական ԱԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել է 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը՝ եզրափակչում 13-4 հաշվով առավելության հասնելով Հնդկաստանի ներկայացուցչի նկատմամբ: Մինչ այդ էլ Աղաջանյանը 4 գոտեմարտ է անցկացրել՝ հաղթելով ընդհանուր 32:0 հաշվով:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 67 կգ քաշային Գասպար Տերտերյանը 4 հաղթանակ տանլուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որում ուժերը չափել է Եգիպտոսը ներկայացնող Մուսթաֆա Հուսեյն Ֆաթի Ալամելդինիի հետ և 2:4 հաշվով զիջել մրցակցին՝ արժանանալով երիտասարդական ԱԱ-ի արծաթե մեդալին:

Հայաստանի թիմի կազմում բրոնզե մեդալակիր է դարձել 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը: Վճռորոշ գոտեմարտում նա 7:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ամերիկացի Ջոն Ուոլկերի նկատմամբ։ Նազարյանը մեկնարկային գոտեմարտում 9:1 հաշվով առավելության է հասել ճապոնացի Դաիսաե Իսոեի նկատմամբ, ապա 3:1 հաշվով հաղթել է Ղազախստանի ներկայացուցչին և դուրս եկել կիսաեզրափակիչ: 1/2 եզրափակչում արդեն Նազարյանը հավասար հաշվի պայմաններում (1:1) զիջել է Իրանի ներկայացուցիչ Աբոլֆազլ Ալի Չուբանիին:

Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ նվաճելուն մոտ էին նաև Ռուբեն Գևորգյանն (82 կգ) ու Արշակ Գեղամյանը (97 կգ), որոնք, սակայն, պարտվել են բրոնզե մեդալի համար պայքարում:

Ավելի վաղ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ20 հավաքականը 1 բրոնզե մեդալ էր նվաճել երիտասարդական ԱԱ-ում: Ազատ ոճայինների կազմում միակ մեդալը նվաճել էր 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը՝ վճռորոշ գոտեմարտում 8:4 հաշվով առավելության հասնելով ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևի նկատմամբ:

  • Կիսվել: