չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հրաձիգ Նարե Գաբրիելյանն ԱՊՀ երկրորդ խաղերի արծաթե մեդալակիր է

Հրաձիգ Նարե Գաբրիելյանն ԱՊՀ երկրորդ խաղերի արծաթե մեդալակիր է

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Նարե Գաբրիելյանը դարձավ ԱՊՀ երկրորդ խաղերի արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Մինսկի սպորտահրաձգային մարզահամալիրում ընթացող 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևում դուրս գալով եզրափակիչ՝ Նարե Գաբրիելյանը նվաճեց ԱՊՀ երկրորդ խաղերի արծաթե մեդալ:

Հայաստանի հավաքականն ԱՊՀ խաղերում մինչ այս նվաճել էր մեկ ոսկե, մեկ բրոնզե մեդալ:

Բելառուսի Հանրապետությունում անցկացվում են ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը մասնակցում է մեծաքանակ պատվիրակությամբ: 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, աթլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում:

ԱՊՀ 2-րդ խաղերը անցկացվում են Բելառուսի տարբեր շրջանների 10 քաղաքներում։ Նոր ձևաչափի նպատակն է ընդլայնել մրցաշարի աշխարհագրությունը և սպորտի մասսայականացումը երկրի տարբեր հատվածներում: Մասնավորապես, մրցումներն անցկացվում են Մինսկ, Բորիսով, Բրեստ, Վիտեբսկ, Գոմել, Գրոդնո, Ժլոբին, Մոգիլյով, Մոլոդեչնո, Օրշա և Սոլիգորսկ քաղաքներում։ 23 երկրի շուրջ 5 հազար մարզիկներ իրենց ուժերը կչափեն ընդհանուր առմամբ 20 մարզաձևում:

Խաղերի փակման արարողությունը նախատեսված է օգոստոսի 13-ին:

  • Կիսվել: