ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՖՖ-ն դատի է տալու «Փյունիկ»-ի սեփականատիրոջը

ՀՖՖ-ն դատի է տալու «Փյունիկ»-ի սեփականատիրոջը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դատի է տալու Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանին:

ՀՖՖ տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. ««Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն այս տարվա դեկտեմբերի 16-ին ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՀՖՖ ղեկավարության հասցեին հնչեցրել է կեղծիք, զրպարտություն պարունակող հայտարարություններ, նաեւ դիմել է սուտ մատնության, ինչը, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, ենթակա է քրեական պատասխանատվության: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է, որ ՀՖՖ-ի և ՀՖՖ ղեկավարության հասցեին արված զրպարտության եւ կեղծիքի համար դատարանի միջոցով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանին պարտադրելու է հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաեւ միջոցներ է ձեռնարկելու վերջինիս սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:

Ավելի վաղ` ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Սողոմոնյանն ասել էր. «Այո, այսօր հենց ֆեդերացիայի աշխատանքի մասին եմ ուզում բաց ու փաստարկված խոսել։ Մեր ֆուտբոլում ներկայումս կառավարման կրիտիկական վիճակ է։ Ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ի՞նչ նպատակներ ու խնդիրներ ունի: ՀՖՖ-ն հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմամբ զբաղվող անհատներն ու կազմակերպությունները: Մենք` ովքեր սեփական միջոցները ներդնում ենք մեր երկրում այս մարզաձևի զարգացման համար, որոշում ենք, թե ով է ղեկավարելու ֆեդերացիան, հաստատում ենք կանոնադրությունը և կանոնները նրանց համար, ում վստահում ենք Հայաստանում ֆուտբոլի զարգացման գործընթացը։ ՀՖՖ-ի հիմնական խնդիրներն են ֆուտբոլի մասսայականացումը, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, նոր ներդրողների ներգրավումը, արդար մրցակցային գործընթացի ապահովումը և հավաքականների հետ աշխատանքը: Ֆինանսավորումը հիմնականում իրականացնում են ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն` միջազգային ֆուտբոլի մարմինները։ Օրինակ՝ 2021 թվականին ՀՖՖ-ն միջազգային ֆեդերացիաներից ստացել է ավելի քան 7,5 մլրդ դրամ, բայց նրանց գործելաոճն ու թափանցիկությունը ծախսերի վերաբերյալ կասկածներ են հարուցում ինձ մոտ»:

Արթուր Սողոմոնյանը նաև քննադատել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը և պահանջել էր ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը:

  • Կիսվել: