ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Օլիմպիկոյում» կայացած մարզմանը

Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Օլիմպիկոյում» կայացած մարզմանը

Հռոմի «Ռոման», պատրաստվելով Իտալիայի առաջնության «Սամպդորիայի» հետ առաջիկա հանդիպմանը, մարզում է անցկացրել տեղի «Օլիմպիկո» մարզադաշտում, որտեղ խաղը կկայանա հունիսի 24-ին, Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:

Ինչպես հայտնում է Corriere dello Sport – Stadio-ը թերթը թիմը զգեստափոխվել է երեք հանդերձարանում, որպեսզի պահպանեն սոցիալական հեռավորությունը: Մարզմանը մասնակցել են բոլոր ֆուտբոլիստները, բացի թիմի հիմնական դարպասապահ Պաու Լոպեսից, որը դաստակի վնասվածք ունի: Նրան առաջիկա խաղում կփոխարինի Միրանտեն:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ողջ պարապմունքին, սակայն աղբյուրը նշում է, որ հայ ֆուտբոլիստն առաջիկա ժամերին դեռ կլինի բժիշկների հսկողության տակ (մկանային հոգնածություն), սակայն նա հավանաբար նույնպես պատրաստ կլինի հանդիպմանը:

Ինչպես հայտնում է թերթը, «Ռոման» վերջին անգամ առանց հանդիսականների խաղացել է 14 տարի առաջ, 2006թ փետրվարի 8-ին: Այն ժամանակ ֆեդերացիան մեկ խաղով որակազրկել էր «Օլիմպիկո» մարզադաշտը՝ երկրպագուների կողմից ռասիստական պաստառներ օգտագործելու համար: «Կալյարիի» հետ առանց հանդիսականների հանդիպումը «Ռոման» անցկացրել էր Հռոմի արվարձան Ռիետիում: Խաղն ավարտվել էր «կարմրադեղինների» կամային հաղթանակով՝ 4:3:

Ավաղ, կորոնավիրուսի պատճառով հռոմեական ակումբը ստիպված է առաջիկա տնային հանդիպումներն անցկացնել առանց հանդիսականների: Հենց այդ մթնոլորտը զգալու համար «Ռոման» ֆուտբոլիստների համար հատուկ մարզում է կազմակերպել «Օլիմպիկոյում»:

  • Կիսվել: