հինգշաբթի, հունիս 27
27 / 6 / 2024
Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի հաղթողները

Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի հաղթողները

Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով երրորդ անգամ ՀՀ Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լիճ տանող ճանապարհին, մայիսի 18-ին անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Մրցաշարի հաղթողի տիտղոսը երրորդ տարին անընդմեջ նվաճել է Սյունիքի մարզի Կապանի թիվ 9-ը դպրոցը: Երկրորդ տեղն զբաղեցրել է Շիրակի մարզի Առափի գյուղի միջնակարգ դպրոցը: Երրորդ տեղում է Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցի թիմն է:

Հաղթողներին պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է շարունակական դարձող մրցումների առիթով և նշել․ «Այս մրցույթները ինքներս մեզ այլ դիտանկյունից նայելու հնարավորություն են: Ես շատ եմ կարևորում հատկապես այն հանգամանքը, որ «Վարչապետի գավաթ» մրցաշարի հիմքում դպրոցականների համար թիմային տրամաբանությունն ենք դնում: Սա ցույց է տալիս, թե ինչպես է մեկի հաղթանակը դառնում մյուսինը, իսկ անհաջողությունը՝ բոլորի պատասխանատվությունը: Մեր երեխաները ցույց են տալիս հրաշալի թիմային աշխատանք ու համախմբվածություն»: Նա ընդգծել է, որ տարեցտարի ավելի խոր հարգանք է տածում ուսուցիչների, նրանց աշխատանքի նկատմամբ. «Ամենակարևոր գործող անձինք դուք եք, որ առավելագույնս մոտիվացնում եք երեխաներին: Այստեղ բոլոր ներկաները հաղթողներ են մարզերում և Երևանում, և դա ուսուցիչների ջանքերով է: Մեր նպատակը նաև ձեր աշխատանքն առավել գնահատելի դարձնելն է»,- ասել է վարչապետը:

Այս տարվա մրցաշարին մասնակցել են հանրապետության դպրոցների 30 տոկոսը: Ամենաբարձր մասնակցությունն ունեցել է Արագածոտնի մարզը. մարզում լավագույնը ճանաչվելու համար պայքարել է դպրոցների 50 տոկոսը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս շնորհավորել է մրցաշարի մասնակիցներին՝ ընդգծելով մասնակցայնության այս տարվա դրական աճը. «Անցած տարվա համեմատ այս տարվա դրական դինամիկան ուրախացնում է, թեև մենք ձգտելու ենք ավելիին: Սա ցույց է տալիս, որ ճիշտ ուղու վրա ենք և այս տրամաբանությամբ պետք է շարժվենք առաջ: Պետք է նկատել, որ մարզական տարրը պահպանված է, և դա շատ գեղեցիկ է: Ճիշտ է, Սյունիքը երրորդ տարին է, ինչ հաղթում է, բայց անցած տարվա թիմում փոփոխություն է կատարվել. միայն երեքն էին ընդգրկված նախկին թիմակիցներից: Իսկ Վայոց ձորի թիմից մեկն էր միայն անցած տարվանից մասնակցում: Հուսամ մի օր «Դպրոցականների խճուղավազքը» կընդլայնի իր աշխարհագրությունը, և մեզ կմիանան նաև միջազգային հարթակներից»:

Հաղթող թիմի սյունեցի աշակերտները, նշել են, որ պատրաստ էին հաղթանակին, թեև արժանի մրցակիցներ ունեին: Իսկ Շիրակը ներկայացնող թիմը, որ անցած տարի հինգերորդ տեղն էր գրավել, փաստել է՝ որ պատրաստվել էին առաջին հորիզոնականում հայտնվելու վճռականությամբ, ու թեև գրավել են երկրորդ տեղը, կկրկնապատկեն ջանքերը հաջորդ տարի նպատակին հասնելու համար:

4-11-րդ տեղերը գրաված մասնակիցներն ստացել են դպրոցական մարզագույքեր, իսկ մրցաշարի գործընկերներին հանձնվել են շնորհակալագրեր: Մրցաշարի շրջանակում խրախուսվել են նաև առաջինը վերջնարկի գիծը հատած տղա և աղջիկ վազորդները: Առաջինը 14 րոպե 40 վայրկյանում եզրագիծը հատել է Արենիի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Վաչագան Գասպարյանը, իսկ աղջիկների պայքարում՝ Մարի Սարգսյանը Շիրակի մարզից:

Հիշեցնենք՝ մրցաշարի նախընտրական՝ մարզային փուլերին ՀՀ հանրակրթական 362 ուսումնական հաստատություններից ավելի քան 2400 աշակերտ է մասնակցել: Մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 5000 մետր մրցատարածությունը: Մրցաշարի արդյունքներով առաջին տեղ զբաղեցրած դպրոցը կստանա 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ:

Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կստանա 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտներից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված է համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցչի, 100 հազարական դրամ աշակերտների, 300 հազար դրամ ուսուցչի և 75 հազարական դրամ աշակերտների համար:

  • Կիսվել: