շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայտնի են Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության հաղթողները

Հայտնի են Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության հաղթողները

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ դեկտեմբերի 2-ին և 4-ին տեղի են ունեցել Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեծահասակների առաջնությունները:
 
 
Ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը կայացել է Արտաշատի Ռաֆիկ Գոլեցյանի անվան մարզադպրոցում: Ըստ քաշային կարգերի՝ Հայաստանի չեմպիոններ են դարձել` Մանվել Խնձրցյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Իգոր Սարկիսյանը (92 կգ), Գուրգեն Սիմոնյանը (97 կգ), Մարտին Սիմոնյանը (125 կգ):
 
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունն անցկացվել է Երևանի «Դինամո» մարզադահլիճում:
 
 
Հունահռոմեական ոճի ըմբիշներից ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններ են հռչակվել Մանվել Խաչատրյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Հենրիկ Գևորգյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ):
 
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն առանձնացրել է հատկապես երիտասարդ ըմբիշների հաջող ելույթները Հայաստանի առաջնությունում:
 
 
«55 կգ քաշային կարգում Մանվել Խաչատրյանը հաճելիորեն զարմացրեց և արդեն իր ուրույն տեղն ապահովեց Ազգային հավաքականում: Մանվելը նոր է սկսել հանդես գալ մեծահասակների պայքարում և բավականին հաջող ելույթներ ունեցավ՝ տանելով շատ վստահ հաղթանակներ: 72 կգ քաշային կարգում Աշոտ Խաչատրյանը ևս գոհացրեց. փոխել է քաշային կարգը ու այսօր կարողացավ հաղթել շատ փորձառու ըմբիշների: Ընդհանուր առմամբ, կան երիտասարդ, խոստումնալից մարզիկներ. կարծում եմ՝ Օլիմպիական խաղերից հետո արդեն աստիճանաբար կարող ենք մտածել սերնդափոխության մասին»,- ընդգծել է Արմեն Բաբալարյանը:
 
Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանի առաջնությանը շուրջ 80 ըմբիշ է մասնակցել:
 
«Առաջնությունը նորմալ է անցել, մրցավարական աշխատանքն էլ այս անգամ իսկապես բարձր մակարդակի վրա էր: Հայաստանի առաջնությունից ազատված էին օլիմպիական վարկանիշներ նվաճած Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը և Սլավիկ Գալստյանը: Եվս երեք քաշային կարգերում մասնակցելու ենք վարկանիշային մրցումների»,- ասել է Արմեն Բաբալարյանն ու տեղեկացրել, որ առաջնության արդյունքներով ձևավորվելու է Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Ռումինիայում 2024 թվականի փետրվարին կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
 
 
Նախապատրաստվելով Եվրոպայի առաջնությանը՝ Հայաստանի հավաքականը դեկտեմբերից երեք ուսումնամարզական հավաք կանցկացնի. առաջինը՝ Ծաղկաձորում, երկրորդը՝ Երևանում կամ Գյումրիում, իսկ վերջինը՝ Օլիմպավանում:

  • Կիսվել: