երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայկական ծանրամարտի համար մրցաշրջան 2023-ն աննախադեպ է եղել․ Փաշիկ Ալավերդյան

Հայկական ծանրամարտի համար մրցաշրջան 2023-ն աննախադեպ է եղել․ Փաշիկ Ալավերդյան

Հայաստանի ծանրամարտի տարբեր տարիքային հավաքականները 2023 թվականին ընդհանուր առմամբ նվաճել են 146 մեդալ, ինչը 40-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշին։

Կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը՝ ամփոփելով մրցաշրջան 2023-ը:

«Այս տարի մենք նվաճել ենք 146 մեդալ: Իսկ նախորդ տարում ունեինք 106 մեդալ: 2023 թվականն աննախադեպ է նաև այն իմաստով, որ այս տարի առաջին անգամ Հայաստանի ծանրամարտի ընդհանուր թիմը` տարբեր տարիքային թիմերի արդյունքները միասին վերցրած, լավագույնն է աշխարհում: Մենք առաջ ենք անցել նույնիսկ Չինաստանի հավաքականից»,-ասաց Ալավերդյանը:

Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով` Փարիզի Օլիմպիական խաղերի համար կա 5 թեկնածու, սակայն 33-րդ ամառային ՕԽ-ին կարող են մասնակցել յուրաքանչյուր երկրից միայն 3 ներկայացուցիչ, բացի այդ նույն քաշային կարգում երկիրը չի կարող ունենալ երկու ներկայացուցիչ: Իսկ ինչ վերաբերում է աղջիկների հավաքականին, դեռևս հստակ չէ, թե քանի մասնակից կունենա ընտրանին առաջիկա Օլիմպիական խաղերին:

Ալավերդյանն ընդգծեց, որ ինչպես 2023 թվականի մեկնարկին, այնպես էլ 2024 թվականին, չի անցկացվի Հայաստանի առաջնություն, քանի որ Օլիմպիական հերթափոխի քոլեջում վերանորոգման աշխատանքները չեն ավարտվում:

«Մեզ համար նվաճում է նաև այն, որ մեր մարզիկներից ոչ մեկ 9 տարի է, ինչ ոչ մի խնդիր չունի դոպինգների հետ կապված»,-առանձնացրեց նա:

  • Կիսվել: