կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայկական բասկետբոլի մակարդակը բարձրացել է, կարճ ժամանակում ունենք տեսանելի աճ․ Ռեքս Կալամյան

Հայկական բասկետբոլի մակարդակը բարձրացել է, կարճ ժամանակում ունենք տեսանելի աճ․ Ռեքս Կալամյան

Հայկական բասկետբոլի մակարդակը կարճ ժամանակում աճել է: Աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլում մասնակցությունը մեր հնարավորությունն է, ունենք լավ շանսեր հաղթահարելու այս փուլը: Պետք է անենք առավելագույնը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, NBA մարզիչ Ռեքս Կալամյանը, որն այս օրերին գտնվում է Երեւանում:

Գլխավոր մարզիչը օգոստոսի 13-ին բաց մարզում անցկացրեց հավաքականի հետ, որին մասնակցում էին նաեւ 4 նոր բասկետբոլիստ: Ռեքս Կալամյանը հավաքականի թեկնածուներին ընտրել է Համահայկական 8-րդ խաղերին մասնակցող թիմերից:

«Մենք արդեն պատրաստվում ենք աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլին, որի հանդիպումները մեկնարկելու են փետրվարից: Խաղալու ենք Ավստրիայի եւ Ալբանիայի հետ նույն խմբում: Այս երկու թիմերն էլ լավն են,  ուժեղ են եւ մրցունակ:

Մենք խաղալու է խմբից դուրս գալու գլխավոր խնդրով: Չենք մտածում, թե ում հետ ենք խաղալու, որոնք են մեր մրցակիցները՝ Ալբանիան, Ավստրիան: Մենք պետք է անենք մեր լավագույնը, խաղանք մեր խաղը: Յուրաքանչյուր հանդիպում պետք է անցկացնենք լավագույն խաղը ցույց տալու եւ հաղթելու ձգտումով: Պետք է անենք առավելագույնը: Աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլում մասնակցությունը մեր հնարավորությունն է, եւ մենք լավ շանսեր ունենք հաղթահարել այս փուլը: Մինչեւ փետրվար թիմը պատրաստ կլինի պայքարին:

Այս մարզմանը շեշտը դրել էի թիմային աշխատանքի վրա: Ունենք նոր խաղացողներ, որոնց այսօր փորձարկում էինք: Ինձ համար կարեւոր էր տեսնել նրանց տեխնիկան եւ թիմային աշխատանքը:

Նոր խաղացողները լավն են, երիտասարդ եւ մարզված: Հույս ունեմ, որ ուժեղ թիմ կձեւավորենք նրանց հետ եւ այս խաղացողները կօգնեն հավաքականին աշխարհի առաջնության նախընտրական փուլում:

Հայկական բասկետբոլի մակարդակը բարձրացել է: Կարճ ժամանակում արդեն ունենք տեսանելի աճ: Այս ընթացքում շատ դրական կարծիքներ եմ լսել  ազգային հավաքականի մասին եւ հուսամ՝ այս զարգացումը շարունակական կլինի: Մենք դեռ ահռելի աշխատանք ունենք անելու, ամեն ինչ անում ենք ուժեղ հավաքական ունենալու համար:

Աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի հանդիպումներին կպատրաստվենք Հայաստանում: Այս պահին խաղացողները կվերադառնան տուն, իրենց թիմեր, փետրվարին մենք նորից կհավաքվենք Հայաստանում եւ կմարզվենք: Մինչ այդ, աշնանը կունենանք ընկերական հանդիպումներ, կարծում եմ՝ կանցկացնենք SADA Cup-ը, իսկ եթե ոչ, ամեն դեպքում մի քանի խաղ կանցկացնենք այստեղ»,- ասաց Ռեքս Կալամյանը:

2027 թվականի աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլում Հայաստանի հավաքականը պայքարը կսկսի փետրվարից: Վիճակահանության արդյունքներով՝ Հայաստանի մրցակիցները կլինեն Ավստրիայի եւ Ալբանիայի հավաքականները:

  • Կիսվել: