կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայի բախտ. Սամվել Տեր-Սահակյանը այսօր կհանդիպի Լևոն Արոնյանի հետ. FIDE Grand Swiss

Հայի բախտ. Սամվել Տեր-Սահակյանը այսօր կհանդիպի Լևոն Արոնյանի հետ. FIDE Grand Swiss

Մեն կղզում շարունակվող FIDE Grand Swiss շախմատի խոշոր մրցաշարում այսօր կկայանան նախավերջին՝ 10-րդ տուրի պարտիաները: Դրանից հետո հայտնի կդառնան այն շախմատիստները, որոնք կպայքարեն աշխարհի չեմպիոնի թեկնածուների մրցաշարի երկու ուղեգրերի համար:

Ներկա պահին առաջին երկու տեղերին գործնականում հավակնում են 6 շախմատիստ, որոնք 9 հնարավորից վաստակել են 6,5-ական միավոր: Նրանց հաջորդում է ևս մեկ վեցյակ, որը առաջատարներից ետ է մնում կես միավորով: Դրանց թվում է ամերիկահայ գրոսմայստեր Մանուել Սևյանը, որն այսօր կմրցի հնդիկ Արջուն Էրիգաիշիի հետ:

Առաջատարներին հետապնդող երկրորդ խմբում գտնվում են 18 շախմատիստ, որոնք ունեն 5,5-ական միավոր: Դրանց թվում են մեր շախմատիստներ Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը, որոնք 9-րդ տուրում հաղթել են համապատասխանաբար Ռիխարդ Ռապորտին և

Ջեֆերի Սյոնգին: Նրանք նույնպես կարող են հավակնել երկու ուղեգրերի, եթե հաղթեն մնացած երկու տուրերում, իսկ ահա բոլոր մրցակիցներն ոչ-ոքի խաղան, ինչն այնքան էլ իրատեսական չէ:

Այսօր կայանալիք 10-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանին սպասվում է հետաքրքիր հանդիպում, քանի որ նրանց մրցակից է բաժին հասել Հայաստանի նախկին առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը: Մանուել Պետրոսյանը կմրցի Անգլիա տեղափոխված ռուս գրոսմայստեր Նիկիտա Վիտյուգովի հետ:

Զուգահեռ ընթացող կանանց մրցաշարում Մարիամ Մկրտչյանը 4 միավորով զբաղեցնում է 33-րդ տեղը, իսկ Էլինա Դանիելյանը 3-ով գտնվում է 45-րդ հորիզոնականում

  • Կիսվել: