կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի և գործընկեր կառույցների աջակցությամբ ապրիլի 4-5-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը:

Մրցաշարն այսուհետ պարբերական բնույթի կկրի: Ապրիլի 2-ից սկսած` միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները կժամանեն Երևան: Գավաթի խաղարկությանը, ընդհանուր առմամբ, կմասնակցի 17 երկրի շուրջ 300 մարզիկ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի խոսքով՝ մրցաշարի անցկացումը Հայաստանին է վստահվել՝ հաշվի առնելով մեր երկրում վերջին երկու տարիներին երիտասարդների և մեծահասակների աշխարհի առաջնությունների անցկացման դրական փորձը:

«Հայաստանն աշխարհի գավաթի մրցաշարն անցկացնելու մշտական իրավունք է ստացել՝ հիմնվելով այն փաստի վրա, որ 2022 և 2023 թվականներին մենք ամենաբարձր մակարդակով ենք անցկացրել երիտասարդների և մեծահասակների աշխարհի առաջնությունները: Ուշադրությունը դեպի Հայաստան բավական բարձր է: Մեր ցուցանիշները նույնպես բարձր են»,-լրագրողների հետ զրույցում ասել է Միքայել Հայրապետյանը:

Վերջինիս խոսքով` աշխարհի գավաթի խաղարկությունը ստուգատես կլինի մարզիկների համար՝ մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանն ընդառաջ:

«Հայաստանի հավաքականը գավաթի խաղարկությանը յուրաքանչյուր քաշում կունենա երկու մասնակից: Դրանից բացի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարզիկներից մի քանիսն էլ հանդես կգան միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո ձևավորված փախստականների թիմից»,-ասել է ֆեդերացիայի նախագահը:

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը կկայանա «Գազպրոմ Արենա»-ում. մուտքն ազատ կլինի:

  • Կիսվել: