հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանն առաջին մեդալն ունի Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերում

Հայաստանն առաջին մեդալն ունի Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերում

Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը: Ուշուիստ Ժիրայր Պետրոսյանը զբաղեցրել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի: Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից:

Պետրոսյանը երկու հաղթական մենամարտ է անցկացրել և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, պարտություն է կրել և բավարարվել բրոնզե մեդալով:

Այս մարզաձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչ 70 կգ քաշային Դավիթ Վարդանյանը մեկնարկում 2։0 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Մահար Ասադզադեի նկատմամբ և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել է մրցակցին և լքել պայքարը:

Հայաստանի թիմի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը, 1500 մետր վազքատարածության որակավորման փուլում զբաղեցնելով առաջին տեղը, դուրս է եկել եզրափակիչ: Եզրափակիչ են դուրս եկել նաև մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը: Ավետիսյանը եզրափակիչ է դուրս եկել օղակների, իսկ Խաչիկյանը՝ նժույգ թափերի վարժությունում:

Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը սկսել են նաև լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը:

Իրենց ելույթներն արդեն ավարտել են հրաձիգներ Բենիկ Խլղաթյանն ու Զավեն Իգիթյանը՝ 10 մետր կրակոց ատրճանակ մրցումներում չկարողանալով հաղթահարել որակավորման փուլի արգելքը: 400 մետր վազքատարածությունում եզրափակիչ չի կարողացել դուրս գալ վազորդ Գայանե Չիլոյանը:

Հիշեցնենք՝ Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերին Հայաստանը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մասնակցում է 14 մարզիկով, որոնք իրենց ուժերը կչափեն 7 մարզաձևում՝ լող, սպորտային մարմնամարզություն, աթլետիկա, ուշու, ձյուդո, տաեքվոնդո և հրաձգություն:

Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի սպորտային մարմնամարզության մրցումներում Հայաստանը նաև ներկայացուցիչ կունենա մրցավարական խմբում՝ ի դեմս Հակոբ Սերոբյանի:

Հայաստանի՝ 21 հոգուց բաղկացած պատվիրակության ղեկավարը Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանն է:

  • Կիսվել: