ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանի ուսանող մարզիկներն ԱՄՆ-ում մասնակցում են ձմեռային համաշխարհային 31-րդ ունիվերսիադային

Հայաստանի ուսանող մարզիկներն ԱՄՆ-ում մասնակցում են ձմեռային համաշխարհային 31-րդ ունիվերսիադային

Հայաստանի ուսանողական պատվիրակությունը հունվարի 12-22-ն ԱՄՆ Լեյկ Փլասիդ քաղաքում կմասնակցի ձմեռային համաշխարհային 31-րդ ունիվերսիադային, որն Օլիմպիական խաղերից հետո ձմեռային մարզաձևերի ամենամեծ ստուգատեսն է:

Հայաստանի պատվիրակության կազմում մրցավայր են մեկնել 6 մարզիկներ, որոնք հանդես կգան 4 մարզաձևում: Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն մենասահորդ Մարինա Ասոյանը, Արթուր Գրուզդև-Վիկտորյա Ազրոյան գեղասահքի պարային զույգը, դահուկավազորդ Միքայել Միքայելյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը և սնոուբորդիստ Նորիկ Թադևոսյանը:

ՀՀ պատվիրակությունն այս տարի առաջին անգամ ձմեռային համաշխարհային ունիվերսիադային մասնակցում է պետական ֆինանսավորմամբ. կառավարությունն այս նպատակով ավելի քան 19 մլն դրամ է հատկացրել:

Հայաստանի մարզական ուսանողական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ հայ մարզիկները բավական լավ են պատրաստվել առաջիկա ստուգատեսին:

«Ձմեռային համաշխարհային ուսանողական խաղերին այս տարի առաջին անգամ մասնակցում ենք պետական ֆինանսավորմամբ: Որոշակի աջակցություն ստացել ենք նաև միջազգային ֆեդերացիայից, ինչի շնորհիվ մեր մարզական պատվիրակության կազմում կարողացել ենք ներառել մինչև 25 տարեկան լավագույն բոլոր մարզիկներին: Սպասելիքներ ունենք ավելի փորձառու մարզիկներից, մասնավորապես Միքայել Միքայելյանից, որը 2019 թվականին ևս մասնակցել է Համաշխարհային ուսանողական խաղերին: Միքայելը շատ լավ մարզավիճակում է, մեդալի ակնկալիք հենց նրանից ունենք: Հարություն Հարությունյանից ևս լավ մրցելույթ ենք սպասում: Նորիկ Թադևոսյանն առաջին անգամ է նմանօրինակ խոշոր մրցաշարի մասնակցում: Սպասելիքներ ունենք նաև մեր գեղասահորդներից, որոնք բավական փորձառու են և մի շարք միջազգային մրցաշարերի են մասնակցել»,- ասում է Հովհաննես Գաբրիելյանը:

Համաշխարհային 31-րդ ունիվերսիադայի բացման արարողությունը կայանալու է հունվարի 12-ին: Արդեն հունվարի 13-ին համաշխարհային ուսանողական խաղերում կմեկնարկեն դահուկավազքի և գեղասահքի մրցումները:

ՀՀ պատվիրակությունը մասնակցություն է ունեցել վերջին երեք ձմեռային ունիվերսիադաներին: Ձմեռային համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի դեռևս միակ մեդալը 2017 թվականին նվաճել է դահուկորդ Սերգեյ Միքայելյանը: Դահուկավազքի ազատ ոճի 10 կմ մրցաձևում նա 27.04 արդյունքով գրավել է 3-րդ տեղը և արժանացել է բրոնզե մեդալի: Ի դեպ, Սերգեյ Միքայելյանը դահուկորդ Միքայել Միքայելյանի եղբայրն է:

  • Կիսվել: