երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի շախմատի հավաքականները շարունակում են հաղթարշավը. Եվրոպայի առաջնություն

Հայաստանի շախմատի հավաքականները շարունակում են հաղթարշավը. Եվրոպայի առաջնություն

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում կայացան 4-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը վստահ հաղթանակ տարավ Իսրայելի նկատմամբ՝ 3:1: Հայկ Մարտիրոսյանն ու Հրանտ Մելքումյանն առավելության հասավ իրենց մրցակիցների նկատմամբ, իսկ Շանթ Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները։

Այդ հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 7 միավոր և հավասարվեց երկու առաջատարներին՝ Լեհաստանին ու Գերմանիային, որոնք այս տուրում ոչ-ոքի են խաղացել իրար հետ: Այսօր կայանալիք 5-րդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Գերմանիան։ Լեհաստանը կհանդիպի 7-րդ տեղում գտնվող Ռումինիայի հետ:

Հայաստանի կանանց հավաքականն ընթացիկ տուրում 3,5:0,5 հաշվով ջախջախեց Շվեյցարիայի թիմին, որը մինչ այդ պարտություն չէր կրել։ Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանն ու Սուսաննա Գաբոյանը հաղթանակ տարան, իսկ Լիլիթ Մկրտչյանն ոչ-ոքի խաղաց Շվեյցարիան ներկայացնող ռուս շախմատիստուհի Ալեքսանդրա Կոստենյուկի հետ։

Հայաստանի հավաքականը այժմ 6 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը։ 5-րդ տուրում մեր թիմը կհանդիպի Ֆրանսիայի հավաքականի հետ, որը 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

  • Կիսվել: