ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանի կանանց հավաքականը ԵԱ առաջնությունում ընդգրկվել է առաջատարների խմբում

Հայաստանի կանանց հավաքականը ԵԱ առաջնությունում ընդգրկվել է առաջատարների խմբում

Սլովենիայի Հանրապետությունում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է գրանցել և ընդգրկվել է առաջատարների խմբում։ Հավաքականը 4 միավոր ունի։

Sputnik Արմենիայի փոխանցմամբ, Հայաստանի կանանց հավաքականը մրցել է Բելգիայի հավաքականի հետ ու առավելության հասել 3։1 հաշվով։

Հաղթանակներ են տարել Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանն ու Սիրանուշ Ղուկասյանը։ Լիլիթ Մկրտչյանը պարտություն է կրել։ Հայ աղջիկները առաջատարների խմբում են՝ զբաղեցնելով 1-7-րդ տեղերը։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է նորվեգացիների հետ։ Գրանցվել է ոչ ոքի՝ 2։2։
Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են կեսական միավոր, իսկ Գաբրիել Սարգսյանը հաղթանակ է տարել։ Հովհաննես Գաբուզյանը պարտվել է։

Երկու տուրից հետո Հայաստանը 3 միավորով բաժանում է 7-15-րդ տեղերը՝ մեկ միավոր զիջելով առաջատարներին։

Նշենք, որ տղամարդկանց թիմի կազմում երկար տարիների անց առաջին անգամ թիմային մրցաշարերում չի խաղում Լևոն Արոնյանը: Թիմը գլխավորում է գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։ Կազմում հանդես կգան նաև Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Հովհաննես Գաբուզյանը:


Առաջնությունում կանցկացվի 9 տուր։ Վերջին տուրը նոյեմբերի 21-ին է։

  • Կիսվել: