ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Հայաստանի հավաքականը վտանգավոր թիմ է. Ռուբեն Դիաշ

Հայաստանի հավաքականը վտանգավոր թիմ է. Ռուբեն Դիաշ

Հայաստանի հավաքականը վտանգավոր թիմ է, կարողանում է վտանգավոր հակագրոհներ ստեղծել: Պատրաստ ենք դիմակայել:

Այս մասին նախախաղային ասուլիսում ասաց Պորտուգալիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիաշը:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 6-ին կընդունի պորտուգալացիներին։

«Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ վաղվա խաղին: Հնարովորություն ունեցել ենք տեսանյութերով ուսումնասիրել Հայաստանի հավաքականի խաղերը: Հայաստանը բավականին վտանգավոր թիմ է, կարողանում է վտանգավոր հակագրոհներ մատուցել: Մասնավորապես թիմում կան մի քանի խաղացողներ, որոնք կարողանում են վտանգավոր պահեր ստեղծել մրցակիցների համար: Մենք պատրաստ ենք դիմակայել այդ հակագրոհներին:

Շատ բան չեմ կարող ասել հայկական ֆուտբոլի մասին: Մենք ուսումնասիրել ենք հավաքականի խաղերը: Կարող եմ խոսել ազգային թիմի մասին, բայց հայկական ֆուտբոլի մասին շատ բան ասել չեմ կարող ասել»,- ասաց Դիաշը:

Հայ լրագրողների կողմից առաջարկ հնչեց վաղվա հանդիպման 21-րդ րոպեին ծափահարություններով հարգել ավտովթարից զոհված Դիոգու Ժոտայի հիշատակը:

«Մանչեսթեր Սիթիի» եւ Պորտուգալիայի հավաքականի պաշտպանը շնորհակալություն հայտնեց եւ նշեց, որ թիմը երախտապարտ կլինի այդ քայլի համար:

Պորտուգալիայի հավաքականը սեպտեմբերի 5-ին նախախաղային մարզում կանցկացնի Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում։

Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին։

  • Կիսվել: