կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայ պատանի թենիսիստներն արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի մինչև 14 տարեկանների զարգացման առաջնության զուգախաղի մրցումներում

Հայ պատանի թենիսիստներն արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի մինչև 14 տարեկանների զարգացման առաջնության զուգախաղի մրցումներում

Հայաստանի թենիսի պատանեկան հավաքականի անդամներ Առնո Ավետիսյանն ու Խաչատուր 

Ավետիսյանը երկրորդ տեղն են զբաղեցրել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված 

Եվրոպայի մինչև 14 տարեկանների զարգացման առաջնության զուգախաղի մրցումներում:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ նույն տարիքային խմբում Մարիա Ազիզյանն ու Գայանե Բզնունին զուգախաղում հասել են մինչև կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, պարտություն են կրել:

Հայ պատանի թենիսիստներն առաջնությանը մասնակցել են մարզիչ Միքայել Ավետիսյանի գլխավորությամբ:

Մ12 տարեկանների միջազգային մրցաշարում էլ կիսաեզրափակիչ է հասել Սամվել Գևորգյանը:

Մրցաշարերին մասնակցել են նաև Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Բուլղարիայի, Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Թուրքիայի և այլ երկրների ներկայացուցիչներ:

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանի խոսքով՝ պատանի թենիսիստները բավականին գոհացնող մրցելույթներ են ունեցել:

«Մեր պատանի թենիսիստները, իսկապես, լավ արդյունքներ են գրանցում և որակապես բավականին հաջող խաղ են ցուցադրում: Այդուհանդերձ, ավելի հաջող ենք հանդես գալիս զուգախաղում, բայց վստահ եմ՝ մենախաղում ևս արդյունքները կբարելավենք ու կկարողանանք կրկնել Միքայել Ավանեսյանի ցուցանիշը. Եվրոպայի զարգացման առաջնության 20 տարվա պատմության մեջ Հայաստանի ներկայացուցիչներից միայն Ավանեսյանն է 2022 թվականին դարձել մենախաղի հաղթող»,- նշում է Գևորգ Կարամանուկյանը:

Ֆեդերացիայի գործադիր տնօրենը նաև տեղեկացրել է՝ մարտի 11-23-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացվում է Թենիսի միջազգային ֆեդերացիայի՝ մինչև 18 տարեկան տղաների և աղջիկների միջև վարկանիշային մրցաշար, որին 28 երկրի ավելի քան 100 թենիսիստ է մասնակցում:

  • Կիսվել: