շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայ մարզիկները պայքարի մեջ կներգրավվեն հոկտեմբերի 31-ին. սպորտային մարմնամարզության ԱԱ

Հայ մարզիկները պայքարի մեջ կներգրավվեն հոկտեմբերի 31-ին. սպորտային մարմնամարզության ԱԱ

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն Անգլիայում է, որտեղ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 6-ը տեղի կունենա սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը:

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականն աշխարհի առաջնությանը կներկայանա 5 մարմնամարզիկով` Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը, աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Արթուր Ավետիսյանը և Եվրոպայի առաջնությունում չորրորդ տեղը զբաղեցրած Գագիկ Խաչիկյանը:

Հայաստանի հավաքականի բոլոր ներկայացուցիչները առաջնությանը մասնակցում են իրենց նվաճած ուղեգրերով: Վերջին ուղեգիրը նվաճել է Գագիկ Խաչիկյանը, որ Եվրոպայի առաջնությունում բազմամարտի արդյունքներով էր արժանացել աշխարհի առաջնության մասնակցության իրավունքին: Արթուր Դավթյանը Լիվերպուլի մրցահարթակում պայքարելու է իր հիմնական գործիքում՝ հենացատկում, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ օղակներում, Հարություն Մերդինյանը՝ նժույգ թափերում, իսկ Գագիկ Խաչիկյանը՝ բազմամարտում:

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության որակավորման փուլերը տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Այդ օրը մրցահարթակ դուրս կգան Հայաստանի բոլոր մարմնամարզիկները:

Եզրափակիչները տեղի կունենան նոյեմբերի 5-ին և 6-ին:

  • Կիսվել: