երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հակոբ Սերոբյանն ամփոփել է մրցաշրջան 2023-ը․ 17 ոսկե, 8 արծաթե եւ 11 բրոնզե մեդալ

Հակոբ Սերոբյանն ամփոփել է մրցաշրջան 2023-ը․ 17 ոսկե, 8 արծաթե եւ 11 բրոնզե մեդալ

Հարություն Մերդինյանը կպայքարի օլիմպիական ուղեգրի համար: Աշխարհի գավաթ փուլերում եւս մեկ ուղեգիր նվաճելու մեծ հավանականություն ենք տեսնում:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, որն ամփոփել է մրցաշրջան 2023-ը եւ խոսել օլիմպիական տարվա անելիքների, նպատակների մասին:

«2023 թվականը հաջող տարի էր մեզ համար: Չէի ասի շատ հաջող, քանի որ սպասելիք ունեինք աշխարհի առաջնությունից, բայց չստացվեց: Աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանից սպասում էինք մեդալ: Ինքներս էլ մեզ համար բարձրացրել ենք մեր նշաձողը, Արթուրն էլ չեմպիոնություն էր ուզում, բայց չստացվեց վնասվածքի պատճառով: Ճիշտ է, Արթուրն ասում է, որ վնասվածքն իրեն չխանգարեց, բայց ես մարզումներին տեսնում էի, որ ցատկերն անում էր մեկ անգամ, վնասվածքը խանգարեց:

Մեզ համար տարին սկսեց աշխարհի գավաթի խաղարկություններով, որոնք վարկանիշային էին աշխարհի առաջնության համար: Արթուր Դավթյանը երեքին մասնակցեց, երեքում դարձավ չեմպիոն:

Մեզ համար շատ հաջող ստացվեց երիտասարդների աշխարհի առաջնությունը: Սպասում էինք, որ Համլետ Մանուկյանը հաղթելու է, բայց մենք կրկնակի անակնկալ ունեցանք՝ կրկնակի աշխարհի չեմպիոն: Նախ Թուրքիայում էր եւ երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Համլետը: Նժույգ թափերում երկրորդ տեղում Մամիկոն Խաչատրյանն էր: Սա շատ բարձր արդյունք է: Երրորդ անակնկալն այն էր, որ թիմային պայքարում 4-րդ տեղը գրավեցինք: Անսպասելի էր: Երիտասարդների աշխարհի առաջնությունում մեզ համար նոր բացահայտումներ եղան, որ կարող ենք թիմային պայքարում բարձր արդյունք գրանցել: Դրանից հետո սկսել ենք աշխատել թիմի վրա:

Նույն մրցավայրում՝ Անթալիայում անցկացվեց նաեւ մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Արթուր Դավթյանը փայլեց: Այստեղ ունեցանք ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ: Արթուր Դավթյանը ոսկե եւ բրոնզե մեդալակիր, Վահագն Դավթյանը՝ արծաթե: Տարբեր մրցաշարերում ունեցանք չեմպիոններ եւ մեդալակիրներ: Միակ բացթողումը աշխարհի առաջնությունն էր, որտեղ չկարողացանք մեդալ նվաճել: Այստեղ մեր գլխավոր խնդիրը լուծեցինք՝ օլիմպիական ուղեգիր նվաճեցինք: Ըստ ծրագրի բազմամարտում Արթուր Դավթյանը նվաճեց ուղեգիր:

2023 թվականին նվաճել ենք 36 մեդալ՝ 17 ոսկի, 8 արծաթ եւ 11 բրոնզ: Միջազգային մրցաշարերը չենք հաշվել:

Մեր ապագան եւ հույսը երիտասարդներն են, որոնք շատ լավ արդյունքներ գրանցեցին:

Այս տարին մեզ համար նշանավորվեց նաեւ 2027 թվականի Եվրոպայի առաջնությունը Երեւանում անցկացնելու համաձայնագրով: Սա լավագույն հնարավորությունն է մեզ համար, քանի որ 20 տարի մենք գործիքի խնդիր չենք ունենա, մեր հասարակությունը մոտիկից կծանոթանա մարզաձեւի հետ: Այս հարցում շնորհակալ եմ ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանին, կառավարությանը՝ մեծ աջակցություն ցուցաբերելու համար:

Երեւանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցենք թիմով: Արդեն կարող ենք եւ ամեն ինչ կանենք, որ մեր ազգի պատիվը բարձր պահենք:

2024 թվականի ծրագրերում եւս մեկ օլիմպիական ուղեգրի համար պայքարելն է: Տարին կսկսենք աշխարհի գավաթի խաղարկություններով, որը լինելու է վարկանիշային Փարիզ-2024-ի համար: Ամեն գործիքի վրա խաղարկվելու է երկու ուղեգիր գավաթի փուլերի ընդհանուր արդյունքներով՝ միավորներով: Այստեղ մեծ հնարավորություն ունեն Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում: Նրանց շանսերը մեծ են, քանի որ շատերն արդեն ունեն ուղեգիր եւ դուրս են պայքարից: Նժույգ թափերում եւս երկու ուժեղ մասնակից ունենք՝ Հարություն Մերդինյանը եւ Գագիկ Խաչատրյանը կպայքարեն ուղեգրի համար:  Բարդությունն այն է, որ աշխարհի գավաթի 4 խաղարկություն է, մենք մասնակցելու ենք երեքին: Մեկը Բաքվում է: Չեմ կարող ասել կգնանք, թե ոչ: Եթե երկրի ղեկավարությունը գտնի՝ կարող ենք գնալ, կգնանք:  Եվրոպայի առաջնությունում խաղարկվելու է մեկ ուղեգիր բազմամարտում: Այստեղ մեր հնարավորություններն այդքան էլ մեծ չեն:

Այս ամենից հետո՝ առաջ, դեպի Փարիզ: Պատրաստվելու ենք, ինչպես կարող ենք, ինչ հնրավորություն ունենք: Արթուրից բացի, եթե եւս մեկն էլ ունենանք, ամբողջությամբ առանձին ծրագրով շարժվելու ենք առաջ: Արդեն ունենք մեր հավաքների, մարզումների ծրագիրը, մինչեւ Օլիմպիական խաղեր պետք է լինենք Փարիզում:

Արթուրի առաջին խնդիրը վնասվածքները բուժելն է: Իսրայելի թիմի բժիշկը շատ լավ մասնագետ է: Նրան, բոլորին կդիմենք, որ լիարժեք ապաքինվի: Նրան ասել եմ, որ աշխարհի գավաթի փուլերին, մյուս մրցաշարերին կարող է չմասնակցել, բայց Եվրոպայի առաջնությանը կմասնակցի»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Սեպտեմբերի 30-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը բազմամարտում նվաճեց Փարիզ-2024-ի անվանական ուղեգիր:

  • Կիսվել: